30 09 2021

Սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա. Բաբկեն Թունյանը՝ հիպոթեկային վարկերի մասին

Սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա. Բաբկեն Թունյանը՝ հիպոթեկային վարկերի մասին

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է.

Մի քանի կարեվոր եւ օգտակար տեղեկություն

Հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության մասին

Սիրելի հայրենակիցներ, երեւի արդեն տեղյակ եք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության համակարգը։

Քանի որ հետաքրքրությունը այս համակարգի եւ փոփոխությունների նկատմամբ բավականին մեծ է՝ ինչպես պոտենցիալ գնորդների, այնպես էլ կառուցապատողների կողմից, մի քանի կարեւոր պարզաբանումներ անեմ։

Եվ այսպես

  • Սահմանափակումները չեն տարածվի արդեն իսկ գործող վարկերի վրա։ Այսինքն՝ անկախ նրանից, թե որ գոտում է ձեր ձեռք բերած անշարժ գույքը, եթե արդեն իսկ օգտվում եք եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունից, ապա կշարունակեք օգտվել մինչեւ վարկային պայմանագրի ավարտը։
  • Եթե շինթույլտվությունը ստացվել է մինչեւ 2022 թվականի հունվարի մեկը, ապա ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե հիպոթեկային վարկը երբ կձեւակերպվի, եւ անշարժ գույքը որ գոտում է, եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունը կպահպանվի։

Հիմա մի քանի պարզաբանում այն անշարժ գույքերի մասով, որոնց շինթույլտվությունը ստացվելու է 2022 թվականի հունվարի 1-ից հետո։

Այս դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե ՈՐ ԳՈՏՈՒՄ է անշարժ գույքը եւ ԵՐԲ Է ԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ (վարկը երբ է ստացվել):

  • Եթե շենքը գտնվում է 1-ին գոտում (Երեւանի Փոքր Կենտրոն), ապա մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:
  • Եթե շենքը գտնվում է 2-րդ գոտում, ապա մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:
  • Եթե շենքը գտնվում է 3-րդ գոտում, ապա մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ :
  • Եթե շենքը գտնվում է Երեւանի մնացած գոտիներում, ապա մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը հիպոթեկային վարկ ստանալու դեպքում կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ:
  • Մի թյուրըմբռնումից եւս խուսափելու համար։ Խոսքը վերաբերում է եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու համար դիմելուն։ Իսկ փոխհատուցումը արդեն ԳՈՐԾԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ։

Օրինակ՝ եթե ասում ենք, որ 2-րդ գոտու համար արտոնությունը կգործի մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը ստացված վարկերի դեպքում, դա նշանակում է, որ այդ ժամկետում կնքված վարկերի ամբողջ ժամանակահատվածում (10, 15 կամ 20 տարի՝ էական չէ) կշարունակեք ստանալ փոխհատուցումները։

  • Կրկնեմ, որ այս ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա եթե շինթույլտվությունը ստացվել է մինչեւ 2022 թվականի հունվարի մեկը։ Ասենք, եթե 1-ին գոտում կառուցված շենքից բնակարան գնեք անգամ տարիներ անց, ապա կկարողանաք եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալ։
  • Մարզերում կառուցված անշարժ գույքի համար սահմանափակումներ չեն մտցվում. եկամտային հարկի վերադարձի համակարգը, ինչպես կա այնպես էլ կշարունակի գործել։
  • Ինչպես պարզել՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐ ԳՈՏՈՒՄ Է։ Այստեղ տեղադրում եմ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) քարտեզը՝ Երեւան քաղաքի համար --- https://cadastre.am/.../1-qartez-yerevan-compressed.pdf

Հուսով եմ՝ փոքր-ինչ պարզություն մտցրեցի այս հարցում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ