NEWS.am–ը գրում է․
Վերջին մեկուկես տարում բանակում շեշտակի ավելացել է սպաների կողմից կատարված հանցագործությունների թիվը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից ստացված վիճակագրական տվյալները։
Մասնավորապես 2020 թվականի ընթացքում արձանագրվել է ՀՀ զինված ուժերի և ԱՀ ՊԲ-ի սպաների կողմից կատարված հանցագործությունների 277, իսկ 2021 թվականի 6 ամիսների ընթացքում՝ 140 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2019–ին արձանագրված հանցագործությունների թիվը կազմել է 176, իսկ 2018–ին՝ 263 դեպք։
Այսինքն, եթե 2019–ին՝ նախորդող տարվա համեմատ սպաների կողմից կատարված հանցագործությունների թիվը շեշտակի նվազել է, ապա 2020–ին այդ թիվը դարձյալ ավելացել է՝ 2019–ի համեմատ աճելով 57,3% տոկոսով։ Արձանագրված ցուցանիշն, անշուշտ ունի նաև օբյեկտիվ պատճառներ՝ կապված 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի և դրա հետևանքների հետ։
Մասնավորապես կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումների հետևանքով ի հայտ եկող հանցագործությունները կարող են հետևանք լինել պատերազմից հետո բանակում տիրող բարոյահոգեբանական լարված մթնոլորտի, ինչպես նաև զինված ուժերում պարբերաբար տեղի ունեցող կադրային փոփոխությունների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը