Որևէ կոմպրոմիս, ոչ մի փոխզիջում չի կարող լինել ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակող նոր կարգի ու դրա հաստատողի հետ: Այսօր ԱԺ-ում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում կազմակերպած քննարկմանը հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ներկներին հիշեցնելով, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման նոր
կարգն իրականում ընդունվել է գաղտագողի՝ առանց ԶԼՄ-ների հետ քննարկումների:
Հանձնաժողով նախագահ Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին փաստեց, որ խախտվել է ԶԼՄ-ների մաիսն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը, և ինքն այն կարծիքին է, որ ԱԺ նախագահը պետք է վերանայի իր մոտեցումը ու չեղարկի նոր կարգը վերից վար:
«ԱԺ ղեկավարության կողմից և լրագրողներին առնչվող փոփոխություններ են կատարվել, որոնք որ չեն ճշտվել լրագրողական հանրույթի ներսում, և լրագրողներից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել այդ որոշմանն առնչվող առաջարկ-դիտողություն ներկայացնել»,-ասաց Թովմասյանը։
Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ բոլոր սահմանափակումները պետք է անհապաղ վերացվեն, դրանք միայն մամուլի աշխատողների խնդիր չեն, այլև պատգամավորների գործունեության թափանցիկության հարցն է, հաշվետվողականության, մեդիայի աշխատանքի կազմակերպման:։
«Շատ զարմանում եմ, որ մենք բոլորս զարմանում ենք։ Ինչի՞ վրա ենք զարմանում։ Այս տենդենցը նո՞ր է։ 3 տարի առաջ դեռևս լրատվամիջոցների ղեկավարները, մեդիա-կազմակերպություններ հայտարարություններ են չէ՞ արել բազմաթիվ առիթներով՝ սկսած նրանից, որ սոցիալական ցանցերը մի օգտագործեք պաշտոնական տեղեկատվություն հաղորդելու համար։ Հաշվի՞ է առնվել, իհարկե, ոչ։ Զարմանում ե՞ք, որ թիրախավորվում են լրագրողներն ու լրատվամիջոցները, մի զարմացեք, ի սկզբանե այդպես է եղել ու հիմա շարունակվում է»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ իր տեղեկությամբ շատ ավելի վատ սահմանափակումներ է պլանավորում իշխանությունն հապճեպ քայլերով՝ ԶԼՄ-ների դեմ նախագծերով, «քանի որ այս իշխանությունը՝ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում մեդիայի դերը»։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ բռնապետական որակեց գործող իծխանության մոտեցումը՝ լրագրողական գործունեությունը սահմանափակող դրսևորումները:
«Լրագրողների գործունեության որևէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ՝ անհրաժեշտ ու բավարար պայմանների ապահովման դեպքում»,-ասում է Լևոն Բարսեղյանը և առաջարկում այսուհետ լրագրողներին սաղավարտներ տալ՝ ԱԺ մուտք գործելիս , եթե իսկապես կարողանում են ապացուցել, որ այդ սահամանփակումները իրոք նրանց անվտանգությանն են ուղղված:
«Բռնապետությունները կամ բռնապետական ռեժիմներն ինչ-որ հատուկ ազդարարմամբ չեն ներդրվում որպես կանոն»,- ասաց Բարսեղյանը՝ մեջբերելով ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքերը, թե «ծեծկռտուք լուսաբանելը լրագրողների գործը չէ»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասաց՝ իրավական ակտը, որով սահմանափակվում է լրագրողների գործունեությունը ԱԺ շենքում, որոշակիորեն հակասում են Սահմանադրության 51 և 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու ու ստանալու ազատությունը և մամուլի ազատությունը։ Նրա խոսքով՝ վաղը կմտնեն Վարչական դատարան ՝ մասնակիորեն վիճարկելու քննարկվող կարգի որոշ դրույթներ:
«Վարչական դատարանում վիճարկելու ենք սահմանափակումների առնվազն մի մասը, որը վերաբերում է ԱԱԾ անվտանգության աշխատակիցներին նկարահանելու, տեսանկարահանելու արգելքին, որը որևիցե կերպ չի տեղավորվում սահմանադրականության, տրամաբանության մեջ»,-ասաց Իոաննիսյանը։
Մոտ մեկ ու կես ժամ տևած քնարկման արդյունքում որոշվեց ՀԺՄ կողմից Վարչական դատարան դիմել՝ պահանջով վերացնել ԱԺ-ում նոր կարգով պայմանավորված բոլոր սահամնափակումները, հաջորդիվ կազմակերպել լրագրողական ակցիաներ, ՄԻՊ-ի և միջազգային կառույցների հետ համատեղ քննարկումներ՝ առաջիկայում ու սեղմ ժամկետներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը