29 07 2021

Գեղարքունիքի մարզպետը Գեղամասարի համայնքապետին առաջարկել է հրաժարական տալ, վերջինս հրաժարվել է. «Փաստինֆո»

Գեղարքունիքի մարզպետը Գեղամասարի համայնքապետին առաջարկել է հրաժարական տալ, վերջինս հրաժարվել է. «Փաստինֆո»

Իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Համայնքապետը կայքի հետ զրույցում հաստատել է հրաժարականի պահանջի մասին տեղեկությունը. «Այո, եղել է։ Հենց մարզպետի կողմից։ Ինքը առաջարկել է հրաժարական, բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ հրաժարական չեմ տա, ինձ ժողովուրդն է ընտրել ու ես չեմ պատրաստվում նման քայլի գնալ»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Գեղամասար համայնքի ղեկավարը հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։

Անդրադառնալով  հուլիսի 28-ին Երեւանում գտնվելու պատճառներին, երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Գեղարքունիքի հատվածում իրավիճակը լարված է եղել, Հ.Ավետյանը նշել է, որ ինքը կրակոցների ժամանակ եղել է համայնքում եւ Երեւան է եկել միայն հրադադարի հաստատումից հետո, ինչի համար ունեցել է լուրջ պատճառ։ Ընդ որում՝ այդ մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել  Սանոսյանը նախապես տեղյակ է եղել։

Հիշեցնեք, որ Սանոսյանն այսօր հայտարարել է, թե Ավետյանին երեկ հրավիրել էին Գեղարքունիքի ԱԱԾ, բայց պարզվել է, որ նա Երեւանում է, ուստի հրավիրվել է մայրաքաղաքի ԱԱԾ վարչություն։

Արձագանքելով մարզպետի հայտարարությանը՝ Հակոբ Ավետյանը նշել է, որ Սանոսյանը իրավիճակը լրագրողներին ներկայացրել ոչ ամբողջական։

«Գնել Սանոսյանը շատ լավ տեղյակ էր։ Իրեն ինչ ձեռնտու է, այդ մասն է ասում։ Կարող եմ շատ վստահ ասել՝ իմ՝ Երեւանում գտնվելը շատ լուրջ պատճառ է ունեցել, որին ինքը շատ լավ տեղյակ էր։ Չեմ ուզում հիմա դրա մասին բարձրաձայնել։ Չեմ ուզում մանրամասնել, բայց ես

Երեւանում այդ ժամանակ պատահական չեմ գտնվել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Ավետյանը՝ նշելով, որ մարզպետն իրավունք չուներ այդպես ներկայացնելու։

«Ես կրակոցների ժամանակ բարձրանում եմ դիրքեր, կամ մոտակա հատվածներ եւ ինչով կարողանում, օգտակար լինում պաշտպանական հարցերին։ Ոչ մեկ չի կարող ասել, որ ես նման դեպքերում հեռու եմ գտնվում։ Որքան էլ հեռու լինեմ՝ լինի շաբաթ, կամ կիրակի, արագ գալիս եմ ու լինում այդ հատվածներում»,- ասել է համայնքապետը ու նշել, որ երեկ՝ առավոտյան ինքը եղել է նաեւ Սոթքի ուղղությամբ, որտեղ լարված էր իրավիճակը։

Հրադադարից հետո եկել է Երեւան՝ արագ վերադառնալու ակնկալիքով, բայց այստեղ արդեն հրավիրել են ԱԱԾ։

Կայքի հետ հեռախոսազանգի պահին համայնքապետը համայնքում է եղել ու  տեղեկացրել, որ կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է։ Դրանք հնչել են առավոտյան՝ տարբեր բնակավայրերում։ Ադրբեջանական կողմը հիմնականում թիրախավորում է մոտակա բնակավայրերը։

«Վերջին դեպքերում նկատել ենք՝ շղթայական երկայնքով մեկ է լինում, սկսում են միաժամանակ։ Դա է ձեռագիրը։ Ինձ թվում է, իրենք ավելի շատ ուզում են խուճապային տրամադրություն ստեղծեն, մենք էլ աշխատում ենք, որ ժողովուրդը խուճապի չմատնվի, մինչեւ կառավարությունը կարողանա քայլեր կատարի»,– ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ