20 07 2021

Իրավիճակը լարված է եղել ոչ միայն Երասխում, այլև Կութում, Սոթքում․ ՊՆ-ն լռում է

Իրավիճակը լարված է եղել ոչ միայն Երասխում, այլև Կութում, Սոթքում․ ՊՆ-ն լռում է

Երասխում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին նշում են համայնքի բնակիչները։ Մինչև գիշերվա 2-ը թշնամին կրակել է ինտենսիվ, դրանից հետո՝ պարբերաբար։

Պաշտպանության նախարարությւոնը հայտնում է, որ կրակոցները սկսել են ժամը 18։40-ից։ Ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որը զբաղված է եղել ադրբաջանցիների կրակոցից բռնկված հրդեհի մարման աշխատանքներով։ Ուսից վիրավոր համայնքապետին տեղափոխել են Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նրա վիճակը վիարահատությունից հետո կայուն է։

Նշենք, որ իրավիճակը լարված է ոչ միայն Երասխում, այլև՝ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում։ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասել է․ «Գիշերը թուրքերի կողմից կրակոցներ էին հնչում, բայց գիշերվա կեսին արդեն դադարել էին: Կրակոցներն ինտենսիվ էին, ծանր տեխնիկա չէին կիրառել, հրաձգային զինատեսակներ էին: Այժմ իրավիճակը հանգիստ է»:

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանն էլ հայտնել է, որ 21։30-ից մինչև 00։30-ը կրակոցներ են եղել ինտենսիվորեն։

Պաշտպանության նախարարության հետ կապ հաստատել չի լինում, հաղորդագրություն անգամ չեն տարածում, թե ինչ է կատարվել Գեղարքունիքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի կոմբայնավարն էլ աշխատանքներն անելիս հայտնվել էր այն հատվածում, որն արդեն հայկական չէ: Նրան գերի էին վերցրել, մինչև հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության բանակցությունների ավարտը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ