17 07 2021

Երկրի ու ժողովրդի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը». «Փաստ»

Երկրի ու ժողովրդի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը ժողովրդին մշտապես բարեկեցիկ ապագա է խոստացել։ Ու երբ իշխանության խոստումներն իրականություն չեն դարձել, նա կրկին փորձել է մարդկանց համոզել, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է զինվել համբերությամբ, ամեն ինչ լավ է լինելու։ Դե, նախկիններն են մեղավոր՝ խանգարում են, վատ ժառանգություն են թողել, լրագրողներն են մեղավոր՝ չեն թողնում աշխատել, պետական համակարգն է մեղավոր՝ բոյկոտում է, և այլն, և այլն: Ու պատահական չէր, որ վերջին ընտրություններում ևս իշխանությունները նորից խոսում էին ապագա ունենալու մասին՝ ըստ էության փորձելով տարբեր խոստումների միջոցով կրկին բորբոքել քաղաքացիների հույսի կայծը։ Սակայն մինչ հանրության աչքը ջուր է կտրում Փաշինյանի խոստումների իրականացմանը սպասելով՝ իշխանություններն ամեն անգամ «խաղում են ժամանակի վրա», իսկ երկիրն առաջ շարժվելու փոխարեն հետ է գլորվում։

2018 թվականին Փաշինյանի իշխանությունը որպես ժառանգություն ստացավ մի պետություն, որը, չնայած բազմաթիվ թերություններին, ուներ գործող և կայացած պետական համակարգ, անվտանգության համակարգ, իսկ հիմա դա էլ չունենք։ Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ մեր անվտանգության ողջ մեխանիզմներն ուղղակի փլուզվել են, և դրանք նորովի կառուցելու անհրաժեշտություն կա։ Դրանով է պայմանավորված, որ իշխանություններն այս պահին ստիպված են ռուսներին խնդրել, որ սահմանապահներ տեղակայեն ու պաշտպանեն մեր սահմանները։ Բայց խնդիրը միայն անվտանգության ոլորտով չի սահմանափակվում։

Հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ բարձիթողի իրավիճակում են, իսկ կառավարման համակարգը տոտալ ճգնաժամի մեջ է։ Դրանով պայմանավորված՝ լիովին անկանխատեսելի է դարձել, թե հաջորդ օրն արթնանալով՝ հանրությունն էլ ինչպիսի անակնկալի կարող է բախվել։ Տպավորություն է, թե ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել։ Գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում նույնիսկ ամենաանհնար թվացող երևույթը կամ ամենավատ երազը վաղը կարող է իրականություն դառնալ։ Օրինակ՝ թշնամու համար որևէ կաշկանդող հանգամանք չկա կրկին սադրանքների անցնելու ու նոր կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումը պարտադրելու համար, որտեղ կարող են այնպիսի պայմաններ տեղ գտնել, որ այսօր դժվար է նույնիսկ դրա մասին դատողություններ անելը։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զիջումների գնալուց բացի, ոչնչի ընդունակ չէ։ Դրա համար էլ Փաշինյանի իշխանության վերարտադրության փաստը ադրբեջանական մամուլում գլխավորապես դրական արձագանքների արժանացավ։ Ստացվում է՝ մի այնպիսի շրջապտույտի մեջ ենք հայտնվել, որ իշխանությունները հանրությանը մի պարտությունից դեպի մյուս պարտությունն են առաջնորդում։ Ընդհանրապես, ընդունված է, որ եթե անգամ որևէ ոլորտում ձախողում է արձանագրվում, ապա այդ ոլորտները համակարգող պաշտոնյաներն, իրենց վրա վերցնելով պատասխանատվությունը, հեռանում են։ Թվում է՝ նույնը պետք է վերաբերի ընդհանրապես իշխանություններին։

Տեսեք՝ իշխանությունների «սրտի մարզպետ» Սանոսյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե իրենց համայնքներում խայտառակ պարտություն կրած համայնքապետներն ինքնակամ պիտի հեռանան։ Սակայն իշխանական այդ տրամաբանության համաձայն (ներողություն այս իշխանությունների պարագայում տրամաբանություն բառն օգտագործելու համար), եթե համայնքներում պարտություն կրած համայնքապետները պետք է հեռանան, ապա կապիտուլ յացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունները պետք է վաղուց հեռացած լինեին։ Բայց չէ, դա բնական կլիներ նորմալ մարդկանց ու նորմալ իշխանությունների դեպքում, միայն ոչ Նիկոլ Փաշինյանի ու «նիկոլփաշինյանների». նրանք սոսնձված են իրենց աթոռներին և բառիս բուն իմաստով ամեն ինչի ունակ են այդ աթոռները պահելու համար։ Միևնույն ժամանակ, ՔՊ-ականներն իրենց այնպես են պահում, կարծես թե իրենք չեն այսքան աղետը բերել ու բերում ժողովրդի գլխին։ Կարևորը՝ ճոխ պարգևավճար ստանան, պատգամավորական վճարը հինգ անգամ բարձրացնեն և այդպես շարունակ։

Կարևորը, որ իրենց փողը չի բավարարում, սրճարաններում ու ռեստորաններում մեկ-մեկ էլ իրենք պիտի հաշիվ փակեն, վերջապես բենզինը թանկացել է... Իսկ մնացյալը ոնց ուզում են ապրեն: Այս մարդիկ պարզապես թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա, կարևորն իրենց անձնական օգուտներն ու շահերն են։ Գուցե նրանք իրավացի են. չէ՞ որ այսքանից հետո 600 հազարից ավելի մարդ քվեարկեց իրենց օգտին, այսինքն այն ապագայի օգտին, որը միայն իշխող ուժի համար է: Այդ դեպքում ինչո՞ւ նորանոր արտոնություններ չսահմանեն իրենց համար, կյանքը կարճ է, իշխանությունը՝ առավել ևս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ