13 07 2021

Շահում է զբոսաշրջիկը, բայց արդյո՞ք շահում է պետությունը

Շահում է զբոսաշրջիկը, բայց արդյո՞ք շահում է պետությունը

Երևանի կենտրոնը օրեցօր ավելի է հիշեցնում հիվանդանոցի բաց երկնքի տակ: Հարյուրավոր Իրանի քաղաքացիներ գալիս են Հայաստան, օրերով հերթ կանգնում, որ պատվաստվեն: Պատճառն իրենց երկրում տարիքային բարձր շեմն է, Հայաստանն էլ մոտ է, հերթն էլ՝ անվճար: Պատվաստումներն էլ հիմնականում  կենտրոնացված են Հյուսիսային պողոտայում և բոլոր առևտրային կենտրոնների մոտ:

Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը իր էջում կիսվել էր պատվաստելու համար հերթ կանգնած իրանցիների լուսանկարով և մեկնաբանություն գրել.

«Տուրիզմի 319%, աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների: Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։

Հիշեցնենք, որ եռապատիկ աճի կանխատեսում Քերոբյանն արել էր մարտ ամսին, հիմա այս ֆոնին նորից վերահաստատում է, թե տեսեք, տեսեք կանխատեսումները իրական են դառնում, իսկ դուք ծաղրում էիք:

Նկատնեք, որ Քերոբյանի եռապատիկ աճի կանխատեսումը քննադատում էին առաջինը նրա համար, որ նախորդ տարի մեր երկրում համատարած բլոկադա էր և սահմանները փակ էին, ունեինք զբոսաշրջության զրո տոկոս աճ և ճիշտ չէ համեմատել այս տարին նախորդ, գոյություն չունեցող ցուցանիշի հետ:

Ամեն դեպքում, կառավարությունն անդրդվելի է, տուրիզմի զարգացում ապահովող ճանապարհն էլ գտել են՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ: Կգան, մեր երկրում մի քանի օր կմնան, գումար կծախսեն, անվճար կպատվաստվեն, կգնան: Ասել է, թե շահում է զբոսաշրջիկը, շահում է պետությունը:

Երկրի մայրաքաղաքը աղբանոցի վերածելով ինչպե՞ս է հնարավոր տուրիզմ զարգացնել, դժվար է ասել: Առաջանում են մի շարք հարցեր, թե արդյո՞ք կար նաև կանխատեսում, որ շատ իրանցիներ հյուրանոցի փոխարեն նախընտրելու են հենց քաղաքի կենտրոնում վերմակ-դոշակ տեղավորելը, կորոնավիրուսի թեժացման փուլում նման հերթերի գոյացումը ի՞նչ հետևանք է ունենալու երկրում համաճարակի տարածման առումով, ի՞նչ վնաս է հասցնելու, նման հերթերը որքանով են պահպանվում տեղացիների իրավունքներն ու շահերը:

Նկատենք, որ Իրանը կորոնավիրուսի տարածվածության առումով տասներեքերորդ տեղում է այս պահին, իսկ Հայաստանում էլ կանխատեսվում է համաճարակի աճ, նախատեսվում է երկարաձգել կարանտինը ևս կես տարով:

Իսկ ոչ վաղ անցյալում Հայաստանում տուրիզմը կարծես այլ կերպ էին զարգացնում, երկրի մրցակցային առանձնահատկություններն էին ընդգծում, մշակութային յուրահատկությունները, հնագույն պատմությունն ու շատ այլ բաներ: Հիմա կեղծ մարդասիրություն ենք խաղում և մանիպուլյատիվ աճ ապահովում:

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ