«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին։ Հոդվածը կարդացեք ստորև։
Երեկ Վլ. Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։
Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 հազարի և քվեարկության չգնացած մոտ 800 հազար անելիքը և պատասխանատվությունը։
Ընտրողների կամ քաղաքացիների թիվը դառնում է քաղաքական պրոցես, եթե քաղաքական վերնախավերը կարողանում են ճիշտ ձևակերպել հարցերը, լինել համոզիչ և անկեղծ։ ՌԴ նախագահի խոսքերից հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չի կատարվելու։ Նույնիսկ վերջին օրերի մամուլի վերլուծությունը՝ իշխանական և ընդդիմադիր դաշտի խմորումների մասին հուշում է, որ ազգային դեֆոլտի մեջ ենք։ Մեր գլխավոր թեմաներն են՝ ում կհասնի ԱԺ փոխխոսնակի աթոռը, ովքեր կդառնան հանձնաժողովների նախագահներ, ով կհասցնի գրավել ԱԺ ամենամեծ ու հարմար կաբինետները և այլն։ Մամուլը, ի դեպ մեղք չունի, այն հայելու պես փոխանցում է քաղաքական վերնախավերի տրամադրությունը կամ կոնկրետ դեմքերի ցանկությունները։
Ի՞նչ անել։ Նիկոլը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում, և անելու է ամեն ինչ, որ բարդ, սուր և զգայուն լուծումների պատասխանատվությունը սահուն բարդի նաև ողջ ժողովրդի ու ողջ քաղաքական վերնախավի վրա։
Նա այդ տեխնոլոգիաներին լավ տիրապետում է։ Հակառակ թևի խնդիրները, թվում է, շատ պարզ են.
ա/ Պահանջել գաղտնազերծում՝ թե ի՞նչ լուծումների մասին է խոսքը
բ/ Նախաձեռնել հանրային լայն քննարկումներ
գ/ Ներկայացնել սեփական մոտեցումները
դ/ Անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմադրություն
Եթե սա չարվի, ապա Նիկոլը կստանա բարոյական իրավունք՝ կրկին ասելու, որ միակ մեղավորը և պատասխանատուն ինքը չէ։
Արդարացումները, թե ամառ է, շոգ է, մարդիկ հակված չեն՝ կենցաղային խոսակցություններ են։ Ստացվում է, որ ամռանը հայրենիքը վաճառվում է զեղչված գներով՝ որպես շուտ փչացող ապրանք։ Ստեղծվել է ոչ ստանդարտ ու չափազանց վտանգավոր վիճակ։ Ի՞նչ անել։ Ակնհայտ է, որ ստանդարտ քայլերով արդյունք չենք ունենալու։ Պետք են նոր գաղափարներ ու նոր գործելաոճ։
Պուտինի խոսքն ուղղված էր ոչ այնքան Նիկոլին
Պետք է վերանայել շատ բան՝ որոշումներ կայացնելու մեխանիզմներից մինչև որոշումների նպատակներ։ Պետք է փոխել հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմը։ Գործող մեխանիզմի արդյունքը տեսնում ենք՝ դա այն է, ինչ այսօր կա։ Պետք է փոխել պայքարի ձևաչափը՝ պահպանելով էֆեկտիվ կորիզը, պետք է ընդունել, որ նոր իրողությունը նոր բան է պահանջում։
Պետք են նոր քայլեր, նոր հռետորաբանություն, նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ։
Մի մասնավոր ու համընդհանուր առաջարկ
«Հայաստան» դաշինքից երեք հոգի կարող է հրաժարվել մանդատից՝ դեպի ԱԺ մուտք բացելով Գեղամ Նազարյանի համար։ Սա չի արվում անձի համար, սա արվում է հանուն գործի։ Եթե իշխանությունը ձեռ է առնում ողջ հասարակությանը՝ Արգիշտի Քյարամյանին արիության մեդալ տալով, ապա մենք պետք է ցույց տանք, որ գոնե մենք պատերազմը և իր հետևանքները հասկանում ենք ողջ խորությամբ և լրջությամբ, և որ չենք պատրաստվում մասնակցել իրենց թատրոնին՝ խաղի այդ կանոններով։ Գեղամ Նազարյանը ներկայացնում է հարյուրավոր զոհվածների, վիրավորների ընտանիքներ, Գեղամի աշխատանքային օրն անցնում է այդ մարդկանց հետ, և բոլորս գիտենք, որ այդ մարդիկ, Գեղամին վստահելով, նրան լիազորել են՝ լինել ԱԺ-ում։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ այդ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչը լինի ԱԺ-ում։
«Հայաստան» դաշինքը նաև այս օրինակով պետք է ցույց տա, որ նոմենկլատուրային կառույց չէ, և պատրաստ է այժմ ու այսուհետ գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ գործի։ Գեղամ Նազարյանն այն գործիչն է, ով կարող է ԱԺ-ում ապահովել ոչ ստանդարտ մթնոլորտ։ Ուրեմն ինչո՞ւ չգնալ այդ քայլին։ Եթե կա գաղափար, որ ընդդիմության առաջին քայլերից մեկը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ապա եկեք ընդունենք, որ հանձնաժողովը՝ Գեղամ Նազարյանի մասնակցությամբ և առանց նրա՝ լրիվ տարբեր բաներ են։ Ուրեմն Գեղամը պետք է լինի ԱԺ-ում։
Տեխնիկապես ճանապարհն էլ շատ պարզ է. ինչպես քվոտավորված կազմվել է ցուցակը, այնպես էլ քվոտավորված մեկական հոգի կարող է հրաժարվել մանդատից։ Գեղամի ներկայությունն ԱԺ-ում հենց այսօր կարևոր է։
Անբնական է, եթե այս ավերիչ պատերազմից 6-7 ամիս հետո զոհերի ընտանիքներից որևէ ներկայացուցիչ չլինի ԱԺ-ում։ Եթե իշխանությունը մեդալներ որ կոչումներ է հանձնում երկիրը հանձնածներին, ապա ընդդիմություն պարտավոր է անել իր քայլը։
Դիմադրության քայլեր
Իշխանությունը սկսել է տոտալ ճնշումներ և բռնություն՝ համայնքապետերի հանդեպ, հատկապես՝ Սյունիքում։ Սա արվում է հետընտրական մթնոլորտի հմուտ բանեցմամբ, բայց ունի նաև այլ նպատակ՝ կոտրել դիմադրության վերջին հնարավոր օղակները։ Սա պետք է հասկանալ շատ հստակ, մենք իրավունք չունենք մարդկանց, որոնք քաղաքացիական և հայրենատիրական կեցվածք են դրսևորել ամենադժվար պահերին, մենակ թողնենք հիմա, երբ արդեն կաբինետների և մանդատների բաշխման հաճելի պահն է։ Պետք է շատ կտրուկ և շատ պինդ կանգնել այդ մարդկանց կողքին, Սյունիքի կողքին, Սյունիքի համայնքապետերի, սյունիքյան ծագումով գործիչների կողքին, համախմբել ողջ ռեսուրսները՝ նրանց պաշտպանությունը կազմակերպելու համար՝ ԱԺ-ում և դրանից դուրս։ Սա հավասարաչափ վերաբերում է հետընտրական պետական տեռորի տակ հայտնված բոլոր գործիչներին՝ պրոֆեսոր Չարչյանից մինչև գյուղապետեր և անծանոթ անուն-ազգանունով բուժքույրեր և այլոք։
Ամփոփում
Շատ կարևոր է ճիշտ հասկանալ ՌԴ նախագահի խոսքերը։ Նա ասաց՝ հայ ժողովուրդ, դա Քո´ ընտրությունն էր։ Լիներ այլ ընտրություն՝ կարող էին լինել այլ որակի լուծումներ։ Նույնիսկ գերտերությունների նախագահները հաշտվում են փոքր պետությունների ժողովուրդների ընտրության հետ։ Ընտրե՞լ եք պարտության դեմքին, վստահե՞լ եք նրան՝ շարունակել բանակցությունները։ Նոր Նիկոլն էլ շարունակելու է կատարել հին Նիկոլի ստանձնած պարտավորությունները, որոնք «բարդ, սուր և զգայուն» լուծումներ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը