25 06 2021

43 անձ աղիքային վարակի ախտանշաններով տեղափոխվել են հիվանդանոց․ ԱՆ

43 անձ աղիքային վարակի ախտանշաններով տեղափոխվել են հիվանդանոց․ ԱՆ

Հունիսի 25-ին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում  և լուծ) «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության:

 

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից

Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` 29-ը Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ: Խումբը նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ՝ էքսկուրսիա: Մասնակիցները Շիրակի մարզի Ջարդի ձոր կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում:

Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում:

Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.

• երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,

• խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,

• ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,

• խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,

• կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,

• խորոված պատրաստելիս, անպայման հետևե՛ք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),

• հավկիթն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,

• կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,

• խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,

• ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,

• մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ