03 06 2021

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում ծանր են տարել, որ դատարանում պարտվել են մեզ. Լևոն Սուլթանյան



«Երբ եթերազրկման պրոցեսը տեղի է ունեցել մենք ասել ենք, որ սա քաղաքական որոշման արդյունք է: Միևնույն ժամանակ անկեղծությունից ու տրամաբանությունից ելնելով ես շատ դժվար եմ պատկերացնում, որ կա քաղաքական որոշում Հ2-ի նկատմամբ ինչ-որ մանր վարչական իրավախախտումների արշավ սկսել:

Սա արդեն ես դիտարկում եմ որպես հանձնաժողովի կողմից խտրական վերաբերմունք մեր նկատմամաբ, որը ենթադրում եմ առաջացել է նրանից, երբ մենք դատարանում իրենց հաղթել ենք: Այսինքն, իրենք ծանր են տարել այն հանգամանքը, որ դատարանում պարտվել են և որոշել են ամեն կերպ ցույց տալ, որ մեզ կպատժեն: Այս մանր հարցում միանշանակ չենք տեսնում քաղաքական միտում, տեսնում ենք հանձնաժողովի կողմից միտում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ2 հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը:

Նշենք, որ Հ2-ը դիմել է մայրաքաղաքում հեռարձակման իրավունք ստանալու համար։ Հունիսի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նախատեսված է մայրաքաղաքային մեկ հեռուստաալիքի հեռարձակման կապուղու մրցույթ, որի հեռարձակումն իրականացվելու է հանրային մուլտիպլեքսի միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ