Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ մոտավոր հաշվարկով՝ հակառակորդը առաջացել է 300–ից 400 մետր։
«Ադրբեջանական կողմն այս անգամ առաջացել է Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում։ Այդտեղ ո՛չ մենք էինք եղել, ո՛չ իրենք, ազատ գոտի էր այդ տարածքը, երեկ հասկացանք, որ իրենք իջել են մոտավոր հաշվարկով 300–ից 400 մետր։ Նրանք տրամադրված չեն հետ գնալու, բայց մեր կողմը ոնց պետք է՝ կանգնած է»,– ասաց նա։
Գյուղապետը հայտնեց, որ ամբողջ գիշեր սահմանին հակառակորդի ծանր տեխնիկան է աշխատել։
«Լույսերը սփռել էին, երևում էր։ Ձյան հաստ շերտեր կան, թե դա են մաքրում, թե ճանապարհ են ուզում գցել, տեղյակ չեմ, բայց ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել»,– ասաց նա։
Գյուղապետի խոսքով՝ ադրբեջանցիները հենց այն հատվածում են հաստատվել, որի մի մասը տեղացիներն օգտագործում են որպես արոտավայր, իսկ մյուս հատվածում նրանց ոռոգման ջրերն են կուտակվում։
«Հիմա ոչ բոլորն են բարձրացել սար, անվտանգությունից ելնելով էլ, անասուններին արածացնում են Շորժայի տարածքում։ Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում էլ, որտեղ երեկ են առաջ եկել, ոռոգման բասեյիններ կան։ Ամեն դեպքում մեր Զինված ուժերը ամեն ինչի պատրաստ են, այնպես չի, որ նրանք ուզենան ինչ–որ բան անել, ու մենք նեղվենք»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը հատել էին երկու օր առաջ՝ խորանալով մոտ 500 մետր։
Նախօրեին, սպասվում էր, որ երկու կողմերի միջև պետք է բանակցություն կայանար։ Կայացել է, թե ոչ, պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել, իսկ գյուղապետը նույնպես տեղյակ չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը