Կազանում ուսումնական հաստատությունում հրաձգության ժամանակ 11 մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանային արտակարգ ծառայությունները: Ավելի վաղ հաղորդվում էր վեց, ապա՝ ինը զոհի մասին: Երկու աշակերտներ մահացել են՝ ցատկելով երրորդ հարկից:
Միաժամանակ, Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է յոթ մահացածների մասին` չորս տղա եւ երեք աղջիկ, բոլորը` ութերորդ դասարանի աշակերտներ: Նրա խոսքով՝ հոսպիտալացվել է 16 մարդ՝ տասներկու երեխա եւ չորս մեծահասակ:
Նախնական տվյալներով՝ կրակողները դեռահասներ են եղել, նրանցից մեկին ձերբակալել են, մյուսին՝ չեզոքացրել:
Տարհանված երեխաների հետ հոգեբաններ են աշխատում, կազմակերպվել է «թեժ գիծ»:
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 21 մեքենա: Այնտեղ են մեկնել նաեւ Միննիխանովը, հանրապետության առողջապահության նախարար Մարատ Սադիկովը եւ շրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:
Հարուցվել է քրեական գործ: Շենքում շարունակվում են օպերատիվ գործողությունները:
Քաղաքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել: Բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը