21 04 2021

Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում առկա է ուսուցչի 189 թափուր տեղ. ԿԳՄՍՆ

Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում առկա է ուսուցչի 189 թափուր տեղ. ԿԳՄՍՆ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան:

Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է kadrer.emis.am կայքը, որտեղ մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 189 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված է մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը և դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները և այլն:

Նշված բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, եթե նրանք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` սահմանամերձ բնակավայրերում այժմ աշխատում են նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ գործուղված մոտ 240 մանկավարժներ: Նրանց հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։

Նախորդի համեմատ՝ գործուղման նոր կարգով սոցիալական մի շարք բարելավումներ են նախատեսվում. մասնավորապես գործուղված ուսուցիչները 30 տոկոս աշխատավարձի հավելավճար կստանան: Բացի դրանից` կհատկացվի  8.000-50.000 դրամ գույքի տեղափոխման գումար (նախկինում հատկացվել է 15․000 դրամ): Առաջարկվում է նաև բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի 10.000-ից 33.000 դրամի չափով (նախկինում հատկացվել է ամսական 10.000 դրամ), տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս, ինչպես նաև կոմունալ ծախսերի գումար` ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության և այլ ծախսեր` ամսական 5.000 դրամ):

Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Առիթն օգտագործելով` Արցախից Հայաստան տեղափոխված ուսուցիչներին  նախարարի տեղակալը հորդորում է  համալրել  սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մանկավարժական թափուր տեղերը: Նա նաև նշում է, որ գործուղված ուսուցիչը կարող է համատեղությամբ աշխատել` դասավանդելով հարևան համայնքներից մեկի դպրոցում ևս, եթե ըստ նրա մասնագիտության՝ առկա լինեն թափուր դասաժամեր, և գործուղման վայրում լիարժեք ծանրաբեռնվածությամբ չապահովվի: Այս դեպքում գործուղված մասնագետը կարող է օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսված տրանսպորտային փոխհատուցման հնարավորությունից, եթե հարևան բնակավայրը գործուղման վայրից առնվազն 5 կմ հեռավորությամբ է գտնվում:

«Կան առարկաներ, որոնց համար նախատեսված դասաժամերը քիչ են, հետևաբար հնարավոր չէ ամբողջական դրույքով ծանրաբեռնվածություն ապահովել: Այդպիսի առարկաներից են, օրինակ, «Երաժշտությունը», «Տեխնոլոգիան», «Կերպարվեստը»: Վերջին տարիներին ավանդաբար շատ են նաև բնագիտական առարկաների ուսուցիչների թափուր տեղերը»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` հավելելով, որ գործուղումը լավ հնարավորություն է հատկապես բուհը նոր ավարտած մասնագետների համար: Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` թափուր տեղերի պահանջարկի ձևավորումը վերջնական չէ․ տեղեկատվությունը մարզերի կողմից անընդհատ համալրվում և թարմացվում է:

Գործուղման նոր կարգով որոշակի հստակեցումներ են կատարվել. գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

Ընդգծելով գործուղման պայմանների բարելավման կարևորությունը` Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնում, որ մարզային դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի պահանջարկի հարցը գործուղման կարգով ամբողջությամբ չի լուծվում: Նրա խոսքով` առաջարկվող տարբերակը միջանկյալ լուծում է, մինչև հիմնական ուսուցիչ գտնելը: Նոր կարգով  նույն մասնագետի հետ նույն դպրոցում կարող է առավելագույնը երկու անգամ կնքել գործուղման պայմանագիր, որից հետո գործուղված մասնագետին կարող է առաջարկվել հիմնական աշխատանքային պայմանագիր` մրցութային կարգով: Այսինքն` հիմնական ուսուցիչ ներգրավելու նպատակով դպրոցը պետք է շարունակաբար՝ մինչև տվյալ տեղի վերջնական համալրումը, ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթներ հայտարարի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ