«Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է»,-հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով համաներման մասին օրենքի նախագիծը և հավելեց, որ այն վերաբերում է նաև նրանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ չկապված պատժի:
Ներկայացնելով «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծիծը՝ Բադասյանը նշեց. «Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունների վրա»:
Բադասյանի խոսքով՝ վիճակագրական տվյալների համաձայն նախատեսվող համաներման շահառու կարող են լինել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի նախօրեն, 27 տարին լրացած, Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 անձ և դատապարտված առավելագույնը 124 անձ:
Նա հայտնեց, որ ներկայում հարուցվել և ընթացքի մեջ է գտնվում 261 գործ, դրանք դեռևս դատարան չեն ուղարկվել,իսկ 18 գործ գտնվում է դատարանների վարույթում:
«Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք, օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են»,- նշեց արդարադատության նախարարը և պարզաբանեց, որ դրանք վերաբերում են այն անձանց, որոնց նկատմամբ կիրառվել է նաև այլ հոդված:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը