09 03 2021

Երևանում խստացվում է տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը

Երևանում խստացվում է տրանսպորտում համաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը՝ վերակազմակերպելով իրենց աշխատանքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահական տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ մարտի 9-ից սկսել են վերահսկողական աշխատանքները։

 

«Սկսել ենք Երևանի Կենտրոնից, որովհետև մայրաքաղաքի երթուղիների ճնշող մեծամասնությունն անցնում է Կենտրոն վարչական շրջանով: Վերահսկողական աշխատանքները, հաջորդող օրերին, ավելի ինտենսիվ են լինելու: Պահանջելու ենք ուղեսրահներում ուղևորների կողմից դիմակների պարտադիր կրումը, ախտահանիչ նյութերի առկայությունը և գերբեռնվածության բացառումը»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

Բոլոր նշված պահանջները չկատարելու դեպքում կազմվելու են համապատասխան արձանագրություններ տեսչական մարմինների ու Ճանապարհային ոստիկանության կողմից: Տեսչական մարմինների կողմից երկու, երեք օրը մեկ պարբերականությամբ իրականացվելու են շրջայցեր երթուղիների հավաքակայաններում, ավտոկայարաններում հսկողություն իրականացնելու տրանսպորտային միջոցներն ախտահանելու գործընթացի նկատմամբ:

«Այսօր հիմնականում իրազեկման բնույթի գործողություններ ենք իրականացել, վարչական արձանագրություններ չեն կազմվել: Վաղվանից խստացվելու է վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում կլինեն արձանագրություններ»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

 

Տեսչական մարմիններն ու Ճանապարհային ոստիկանությունն առաջին օրը կատարած հսկողության արդյունքում արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ուղևորները, վարորդներն առանց դիմակի են, արձանագրվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ չկան ախտահանիչներ և այլն: Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ նախքան վերահսկողական աշխատանքները, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապ են պահպանել բոլոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ, իրազեկել են, պարտադիր պահանջների կատաման ցուցումներ են տվել: Խախտումների դեպքում կլինեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքների տեսքով: Դիմակ չկրելու համար տուգանելու է Առողջապահական տեսչական մարմինը, գերբեռնվածության վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը կիրառելու է վարչական պատասխանատվություն: Առանց դիմակի ուղևորներն իջեցվելու են տրանսպորտից: Գերբեռնվածության դեպքում տրանսպորտը կարող է տարվել տուգանային հրապարակ:

Հայաստանում մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 016 դեպք, որոնցից 164 954-ն` առողջացման, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 008 պացիենտ: Մարտի 7-ին կատարվել է 2 465 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 170 և մահվան 4 դեպք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ