05 03 2021

Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարի 60%-ը տրամադրվել է Կառավարությանը. Hetq.am

Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարի 60%-ը տրամադրվել է Կառավարությանը.  Hetq.am

Hetq.am-ը գրում է․ Այս հոդվածն ընթերցողներից շատերը, մեծ հավանականությամբ, գումար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Ավելին, ձեզնից ոմանք նվիրատվության մասին վկայող կտրոնը հրապարակել են սոցցանցերում՝ հորդորելով ընկերներին նույնպես մասնակցել դրամահավաքին։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Հայաստանի պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին», իսկ ԱՄՆ-ից մոտ 250 հազար մարդ է նվիրատվություն արել։ 

Ասպիսով, հանրության համատեղ ջանքերով Հիմնադրամը հավաքել է մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն դոլարը՝ Հայաստանից, մնացածը՝ Սփյուռքից։ 

Նվիրատու «չափահաս» հանրությունը մինչ օրս ակնկալում, բայց չի ստանում հիմնադրամի թափանցիկ, համապարփակ և բաց հաշվետվությունն այն մասին, թե ինչի վրա են ծախսվել իրենց նվիրաբերած գումարները։ 

Պատերազմի ընթացքում իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կոչվող դրամահավաքի նպատակն էր թիկունքում վերականգնողական աշխատանքներ և ծառայություններ իրականացնել։ Տարբեր հանրային ազդեցություն ունեցող անձինք և պաշտոնյաներ հորդորում էին գումար փոխանցել Համահայկական հիմնադրամին, քանի որ այն միակ վստահելի ճանապարհն է՝ պատերազմից տուժածներին օգնելու։

2020-ի հոկտեմբերին Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է հավաքված գումարի մոտ 60 տոկոսը (մոտ 105 մլն դոլար) փոխանցել Հայաստանի կառավարությանը, ինչի մասին նվիրատու հանրությունը տեղեկացել է միայն նոյեմբերի 18-ին։ Ի դեպ՝ Կառավարությանը նվիրաբերած գումարի չափի մասին հիմնադրամի տնօրենը նախընտրում էր չխոսել։

Հաշվի առնելով հանրության տեղեկացված լինելու պահանջը՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին «Հետք»-ը հարցում ուղարկեց Համահայկական հիմնադրամ՝ խնդրելով տրամադրել 2020 թ.-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում բոլոր ֆինանսական մուտքերի և ելքերի բացվածքը։ Խնդրել էինք նաև տրամադրել տեղեկություն, թե հավաքված գումարն ինչի վրա է ծախսվել, թիկունքի հատկապես ո՞ր կարիքներն են բավարարվել, և ի՞նչ ծրագրեր են իրականացվել։ 

Մեր հարցմանը մեկ ամսից ավելի պատասխան չստանալուց հետո զանգահարեցինք Հիմնադրամի լրատվության բաժին։ Մեկ աշխատանքային օր մեզ չէր հաջողվում կապվել բաժնի պատասխանատուներից որևէ մեկի հետ։ Հաջորդ օրը զանգահարեց մարկետինգի և հանրային կապերի հարցերով խորհրդատու Աշոտ Բարսեղյանը, ով նշեց, որ «Հետքից» այլ հարցումներ էլ են ստացել, և նշված հարցումը շփոթել են մյուսների հետ, ինչի պատճառով էլ թողել են անպատասխան։ 

Հունվարի 29-ին ստացանք գրություն, որում ֆինանսական մուտքերի և ելքերի բացվածքը տրամադրելու վերաբերյալ մեր հարցին Հիմնադրամը տվել էր հետևյալ պատասխանը. 

 «Հիմք ընդունելով հանրության պահանջը և վերջիններիս մտորումները Հիմնադրամի բարի համբավի շուրջ՝ Հիմնադրամը, առաջնորդվելով «Հիմնադրամների մասին» օրենքով, հրավիրել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերությանը իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020 թվականի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ, որի արդյունքները, հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց և հաստատվելուց հետո, կհրապարակի բաց հաշվետվություն»:

Հարցին, թե կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվել թիկունքում, Հիմնադրամը պատասխանել էր. 

«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի ողջ հասույթը նպատակաուղղվում է միայն ռազմական դրության և պատերազմի հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, ֆինանսական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման, արցախցիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։

Ստիպված եղանք ևս մեկ անգամ հեռախոսային զրույց ունենալ Հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանի հետ՝ նշելով, որ նշված տեքստը ոչ թե պատասխանում է մեր հարցերին, այլ նման է մամուլի հաղորդագրության։ Խնդրեցինք հստակ պատասխանել մեր հարցերին, և եթե չեն տրամադրելու ֆինանսական բացվածքը, պատասխանեն, որ չեն տրամադրում։

Ստացանք երկրորդ պատասխանը, որում ասվում էր. «Հիմնադրամի կողմից կատարված ծախսերը ենթակա են հրապարակման միայն միջազգային աուդիտ և հոգաբարձուների խորհրդի կողմից վերջնական հաստատում անցնելուց հետո»։ Թե երբ կիրականացվի աուդիտ և կհրապարակվի հաշվետվությունը, պատասխանում չէր նշվում։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ