Մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ մարմնական վնասվածքներ ստացած 18-30 տարեկան երիտասարդները վերապատրտասվելու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հնարավորություն կունենան: «Նոր էջ» ծրագիրը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արփի Կարապետյանը նշեց, որ գաղափարն առաջացավ դեռ պատերազմի ընթացքում:
Այս պահին 400-ից ավելի երիտասարդ արդեն գրանցվել է: Ծրագրում նախատեսվում է ներառել 1000 երիտասարդի, սակայն եթե դիմորդների թիվն ավելին լինի, ապա ասոցիացիան կփորձի հնարավորության սահմաններում աջակցել:
Տվյալների բազայի հավաքագրումը երեք ուղղությամբ է ընթանում, առաջինը թիրախային շուկան է՝ մարտական գործողություններին մասնակցած երիտասրադները, երկրորդը գործատուներն են, որոնք միանում են նախաձեռնությանը և երրորդը նրանք են, որոնք պատրաստ են նպաստել երիտասարդների զարգացմանը՝ վարպետներ, մենթորներ և թրեյներներ:
«Մարտի վերջին հստակ գործողությունների պլան կունենանք՝ հասկանալու, թե ինչ դասընթացներ կլինեն: Այն մասնակիցները, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել, դեռ բուժում են ստանում և չեն կարող անմիջական մասնակցություն ունենալ, ապա իրենց համար կկազմակերպվեն հեռավար դասընթացներ»,-ասաց ասոցիացիայի նախագահը:
Ծրագրին ցանկացողները, որպես մասնակից, կարող են գրանցվել հետևյալ հասցեով:
Հինգ օրվա ընթացքում ասոցիացիան կապ կհաստատի դիմողի հետ, առաջարկված հարցաթերթիկները լրացնելուց, կարիքները գնահատելուց հետո կմշակվեն ուսուցման և զարգացման ծրագրեր ու կներկայացվեն շահառուին: «Նոր էջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների սոցիալական ինտեգրացիան։
Ծրագիրն անվճար է բոլոր շահառուների համար: Նախաձեռնությանը, որպես գործընկեր կարող են միանալ հետևյալ հասցեով, որպես թրեյներ/մենթոր/վարպետ այս հասցեով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը