03 02 2021

Մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ․ նախարար

Մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ․ նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին, հայտնում են նախարարությունից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում:

Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են:

«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ