Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը:
«Ցրտահարությունից մահացության դեպք, այնուամենայնիվ գրանցվեց Գյումրում:
Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն:
Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ...:
Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել:
Ինչևիցե տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հողարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը