13 01 2021

Ինչո՞ւ են բարձրացվել մի շարք երթուղիների փոխադրավարձերը

Ինչո՞ւ են բարձրացվել մի շարք երթուղիների փոխադրավարձերը

Հունվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, տրանսպորտի անվտանգության ոլորտը համակարգող Արտուշ Գրիգորյանը ներկայացրեց խնդրի առնչությամբ ընդհանուր իրավիճակը, ընդգծեց, որ տրանսպորտի անվտանգության աշխատակիցների մշտադիտարկումների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացված ահազանգերի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզը սպասարկող ընկերությունների կողմից հունվարի 1-ից ապօրինի կերպով՝ առանց Լիազոր մարմնի կողմից համապատասխան որոշման, բարձրացվել են մի շարք երթուղիների փոխադրավարձերը՝ առաջացնելով երթուղիներից օգտվող քաղաքացիների դժգոհությունը։ Ընկերությունների պատասխանատուները ներկայացրեցին իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումները փոխադրավարձի սակագնի բարձրացման առնչությամբ։

Ընդգծեցին նաև, որ դիմել են լիազոր մարմնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությանը, և ներկայացրել իրենց հիմնավորումներ՝ վերանայելու նշված երթուղիներում մրցույթի պայմանները։ Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ սույն խնդրի վերաբերյալ կազմակերպություններին ուղարկվել է գրավոր նախագուշացում և տրվել է 5 օրյա ժամկետ՝ խախտումը վերացնելու համար։

Բանավոր կերպով ևս մեկ անգամ հայտնեց, որ մինչև մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ փոխադրավարձը բարձրացնելու կամ նույնությամբ թողնելու վերաբերյալ, ընկերությունները պարտավոր են երթուղիները սպասարկել մրցույթի պայմաններով սահմանված սակագներով։ Փոխադրավարձի ինքնակամ բարձրացումը կարող է հիմք հանդիսանալ երթուղու սպասարկման իրավունքից զրկման։ Հավելենք, որ բանավոր և գրավոր նախազգուշացումներից հետո, եթե ըկերությունների ներկայացուցիչները շարունակեն իրականացնել ուղևորափոխադրում՝ խախտելով մրցույթի արդյունքներով սահմանված պայմանները, Տեսչական մարմինը տրված ժամկետը լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության խիստ միջոցներ։ Տեսչական մարմինը սկսել է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝ նմանատիպ բնույթի խախտումները բացառելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ