11 01 2021

Քաոսի շեմին. Panorama.am

Քաոսի շեմին. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում իդեալական հեղափոխական իրավիճակ է ստեղծվել․

1․ Վերևներն այլևս չեն կարողանում ղեկավարել, ներքևներն այլևս չեն ուզում այսպես ապրել։
2․ ՀՀ նախագահը Լոնդոնում է կորոնավիրուսով մեկուսացած։ Վարչապետ կոչվածն էլ չգիտես ինչ վիրուսների պատճառով էր ինքնամեկուսացած, իսկ այսօր առավոտյան թռավ Մոսկվա։
Հանրապետությունում լիակատար անիշխանություն և անտերություն է։

Նախագահը, ով իբր բարդ ընթացքով կորոնավիրուս է տանում՝ ծավալուն հոդված է գրել Հայաստանի Չորրորդ հանրապետության մասին, որը բազմաթիվ հացեր է առաջացնում։ Նախ, ասում են, որ այս  հիվանդության ժամանակ մարդ ահավոր թուլություն է զգում և հազիվ թե կարողանա մի ամբողջ երկրի վիճակի վերլուծություն անել։

Երկրորդը՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության ընթացքում երկու անգամ զբաղեցրել է կարևորագույն պաշտոններ՝ 1996-1997-ին վարչապետ, 2018-ից նախագահ։ Պարո՛ն, իրագործեիք ձեր հիանալի մտքերն ու գաղափարները ի շահ պետության, ոչ թե հիմա սովորեցրեք, թե ինչ պետք է անել։ Ձեզ այդ հնարավորությունը տրված էր, և երկու անգամ էլ դուք այն ձախողել եք։ Այնպես որ ձեր նշած Չորրորդ հանրապետությունում դուք այլևս տեղ չունեք։

Դե, իսկ վարչապետի աթոռին սոսնձված երևույթը, ով ճողոպրեց Մոսկվա չգիտես ինչեր ստորագրելու, արդեն կենդանի մեռել է բոլոր առումներով։ Ոստիկանների ուղեկցությամբ թռավ, Մոսկվայում  բոլորից կթաքնվի, հետո  էլ Երևան կվերադառնա դարձյալ ոստիկաններով պատնեշված․․․ կամ էլ չի վերադառնա։ Ինքը բոլորից լավ գիտե  իր ավարտի մոտենալը, որը ձգում են տերերը՝ հնարավորինս շատ զիջումներ պոկելու նպատակով։ Սակայն նա արդեն սպառված է բոլոր առումներով, իսկ  լեգիտիմության ցուցիչը նրա  փողոց  դուրս գալու  անհնարինությունն է, ինչը շատ լավ տեսնում են բոլորը։

Համացանցում մեծ տարածում գտած ֆլեշմոբը, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները չեն լիազորում նրան   բանակցել և որևէ փաստաթուղթ ստորագրել իրենց անունից՝ ըստ իրավաբանների հիմք են նրան ստորագրությունները վիճարկելու համար։

Իհարկե, ողբերգություն է, որ սրա վարչապետությունից «հաբրգած» ադրբեջանցիների հող պոկելու ախորժակը լավ էլ կենսագործվում է, բայց հույս ունենանք, որ նոր իշխանությունները կկարողանան շուտափույթ ձեռնամուխ լինել GPS-ային այս խայտառակության աստիճանական վերացմանը։

Անտերություն և անորոշություն է ոչ միայն իշխանական էշելոններում, այլ մարդկանց մտքերում։ Մի հարց է հետաքրքրում՝ արդյոք այս դավաճանական թիմին օրինական  իշխանություն տված 884 հազար ընտրողների գոնե կեսը չե՞ն ուզում  բացատրություն պահանջել այն առումով, որ նիկոլականների ընտրական շռայլ խոստումներում ակնարկ անգամ չկար Հայաստանի Երրորդ հանրապետությունը կազմաքանդելու վերաբերյալ․․․ ինչը, ըստ էության իրականացրին  իմքայլական  «ազգընտիրները»։  Արդյո՞ք նրանք իրենց մասնակից չեն զգում այսօրվա աղետալի իրադարձություններին։

Լավ, դա թողենեք իրենց խղճին։ Բայց քանի դեռ այս անտերությունն ու անիշխանությունը քաոսի չեն վերածվել՝ պետք է երկրի կառավարումը ստանձնի  անցումային  կառավարությունը։  Ստեղծված իրավիճակում սահմանադրականության համապատասխանեցումն անգամ էական չէ, քանի որ երկուսուկես տարվա ընթացքում  Սահմանադրությունն ու օրենքները ծառայեցվել են միայն երկիրը կործանելուն և այս վիճակին հասցնելուն։ Իրենց դեմ՝ իրենց զենքով։

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ