Ռեստորանների հայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով՝ կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու Առողջապահության նախարարության մտադրության մասին։
Հայտարարությունում ասվում է․
«Միության անդամ կազմակերպությունները համավարակով պայմանավորված՝ ճգնաժամի առաջին օրվանից կոչ են արել պահպանել սահմանված կանոնները և ապահովել դրանց կատարումը սեփական ձեռնարկություններում, այսպիսով նպաստելով համավարակային իրավիճակի կարգավորմանը եվ դեպքերի նվազեցմանը։
Գոհունակություն հայտնելով պատկան մարմինների հետ ոլորտի աջակցության իրագործվող ծրագրերով, միաժամանակ նորից կարևորում ենք ընդունվելիք որոշման վերաբերյալ նախապես մեր բնագավառի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը՝ հատկապես Առողջապահության նախարարության կողմից։
Ընդգծում ենք, որ կարանտինային նորմերի նույնաբովանդակ պահպանումը չի կարող կրել ուղղակի արհեստական և ձևական բնույթ, ամենևին չնպաստելով խնդրի իրական լուծմանը և շարունակական վնասներ պատճառելով արդեն իսկ փլուզման եզրին հայտնված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններին։
Ելնելով նշյալից առաջարկում ենք․
1. Վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող ժամանակավրեպ սահմանափակումները։
2. Դյուրացնել օտարերկրյա հյուրերի, գործարարների և զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումները։ Վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը։
3. Նշյալ խնդիրները և ոլորտին առնչվող հընթացս ծագող այլ հարցերը կարգավորելու համար ձևավորել մշտական գործող աշխատանքային խումբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը