16 12 2020

Անտեր պետության դեմքը. Լիա Իվանյան

Անտեր պետության դեմքը. Լիա Իվանյան

Panorama.am-ը գրում է.

«Ի՞նչ կկատարվի մի երկրում, որտեղ չկան վարչապետ ու նախագահ, խորհրդարան ու կառավարություն։ Սցենարների ընտրություն առանձնապես չկա, որովհետև նման պետությունը  վաղ թե ուշ կներքաշվի ի սկզբանե պարտության դատապարտված պատերազմի մեջ,  հետո ստիպված կստորագրի կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ տալով  մարդկային և տարածքային հսկայական կորուստներ, որից հետո էլ այնքան անպաշտպան կդառնա, որ անկուշտ թշնամին գիշանգղի պես  կպոկոտի բնակավայրեր նրա սահմաններից ու կգերեվարի անտերության մատնված զինվորներին․․․ Մի խոսքով՝ այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանում ու Արցախում։

 Պարզապես կա մի կոպտագույն նրբություն՝ այս երկու երկրներն ունեն նախագահներ ու վարչապետ, Ազգային ժողովներ ու նախարարներ, Անվտանգության խորհուրդներ, Զինված ուժեր, ԱԱԾ․․․  Բա ի՞նչ են արել և անում այս կառույցները։

Ո՞րն է սեպտեմբերի 27-ից   աչք ծակող անտերության ու անպատասխանատվության պատճառը, որ այսօր հայտվել ենք մի իրավիճակում, երբ 21-րդ սուպերտեխնոլոգիական դարում հանկարծ կորչում է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հետ, որ հրադադար կոչվածից 40 օր հետո 100 կամավորական են գերեվարվում, որ ադրբեջանցիները հոբբի են դարձրել հայ ռազմագերիներին հոլովակներում նկարելն ու տարածելը․․․

 Տարբերակները դարձյալ շատ չեն՝ կամ նշյալ պետական կառույցներն ու պաշտոնյաները անկարող ու ապաշնորհ են, չեն տիրապետում իրենց  ոլորտների տարրական  մասնագիտական հմտություններին, կամ էլ համգործակցում են թշնամու հետ։ Երկու դեպքում էլ նրանք պետք հեռանան և խստագույն  պատասխանատվության ենթարկվեն՝ պետության սահմաններն ու զինվորին  անտերության մատնելու համար։

 Նոյեմբերի 10-ից հանրապետությունով մեկ թափ առած դժգոհության օրավուր ահագնացող ալիքը ցույց է տալիս, որ  միամտություն է ինքնակամ հրաժարականները  թողնել նրանց խղճին ու բարոյականությանը․․․ վաղուց ժամանակն է վերջնականապես արձանագրել, որ դրանք իսպառ բացակայում են իշխանություն կոչված այս թափթուկների  մեջ։ Նրա՛նք են երկիրը հասցրել այս վիճակին և միայն նրանց միասնական հեռացումով հնարավոր կլինի գոնե կանգնեցնել երկիր կորցնելու այս աղետալի ընթացքը։ Նրանք մտածում են միմիայն աթոռ ու փող չկորցնելու մասին, մտահոգված են միայն իրենց կուտակած գումարներն ու գույքը ապահով տեղավորելու մասին։ Նրանց համար զրո արժեք ունեն Արցախի Զոնտիկներն ու Զանգեզուրի  Սատանի կամուրջը, անհետ կորածների հարազատների    ամբողջ կյանքում չսպիացող կսկիծը, ամուսին ու հայր չդարձած 5000 պատանիների մահը, փեսացու կորցրած 5000 աղջիկների ճակատագիրը։

 Ազգի մեջքը ջարդեցին այս ստահակները, և այսքանից հետո դեռ մտածում են, որ իրենք կարող են ընտրություններ կազմակերպել ու անցկացնել․․․ Սատանի ծոցը թող կորչեն բոլոր նրանք, ովքեր մասնակից ու հանցակից եղան ցեղասպանության հավասար  այս պատերազմական դավաճանությանը։ Նրանց բոլորի տեղը բանտախցերն են, ոչ թե պատգամավորական ու նախարարական աթոռները։

 Դե, գերագույն ստահակի մասին չենք էլ խոսում, ով այնքան ցինիկ ու անամոթ է, որ մտածում է սգո երթ գլխավորել դեպի Եռաբլուր։ Նրանից ամեն ինչ սպասելի է․ մոռացա՞ք, ինչպես հարյուրավոր թիկնապահներով այր ու կին հայտվեցին  Մայր աթոռում՝ զոհերի հիշատակին մատուցվող պատարագին։ Եթե իրականության զգացողությունը կորցրած չլինի  այդ նեռական ընտանիքը, կգիտացեն, որ առաջիկա սգո երթում իրենք ասոցացվելու են թուրքի հետ։

Ամեն օրը նոր գույժեր  է բերում, և կշարունակվի այնքան, քանի դեռ վարչապետ ու պատգամավոր են  հայրենիքը ծախած այս հանցագործ վարչախումբը։ Հրաժարականը նվազագույնն էր, որ կարող էին անել, բայց դրան  էլ  չգնացին․․․

Հետաքրքիր է՝  կարճամի՞տ են,  թե՞ աթոռ պահելու երկաթյա երաշխիքներ ունեն, որ չեն վախենում ժողովրդի ցասումից, թե՞ դեռ 2018-ի «դըմփ-դըմփ-հու»-ի էյֆորիայից դուրս չեն եկել։ Կիմանանք շուտով։

  Լիա Իվանյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ