15 12 2020

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարվել է մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացի. Սիրանուշ Սահակյան. Tert.am

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարվել է մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացի. Սիրանուշ Սահակյան. Tert.am

Պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից՝ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերեվարվել է մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացի: Այժմ ուսումնասիրում ենք դեկտեմբերին եղած մի միջադեպ, որում հնարավոր ներգրավված անձանց շրջանակը հասնում է 10-ի, բայց ունենք նոր տեղեկություն, և այստեղ կարող է նույնիսկ ավելի մեծ թիվ լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Հարցին՝ քանի որ կողմերը հայտարարել էին, որ պատրաստ են  գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, բայց հայկական կողմը վերադարձրել է ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ հանցագործներին, այդ դեպքում ինչ պետք է լինի, Սահակյանն արձագանքեց, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի:

«Այստեղ 2020-ի պատերազմի հետևանքների վերացման խնդիրն է, հումանիտար հարցերն առաջ են եկել պատերազմի հետևանքով: Քանի դեռ ձեռք բերված պայմանավորվածությունները փաստացիորեն չեն պահվում և նոր հումանիտար խնդիրներ են առաջ բերում, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է կիրառելի լինի: Մենք տեսանք, որ հայտարարությունից հետո տեղի ունեցավ քաղաքացիական անձանց գերեվարում, բայց այդ անձինք ներառված էին փոխանակվող անձանց շրջանակում»,-ասել է իրավապաշտպանը:

Նա ընդգծեց՝ գոյություն ունի հարաբերությունների վստահության հարց:

«Եթե արվել է հայտարարություն, որով Հայաստանը իրենից պահանջվելիք բոլոր քայլերն իրականացրել է, ի՞նչ երաշխիքներ կան, որ մենք բացառենք մյուս կողմի խախտումները Հայաստանի և հայերի նկատմամբ: Մենք տեսնում ենք, որ միջադեպեր են տեղի ունենում, լինում են վիրավորներ, նոր գերեվարվածներ, ինչը նշանակում է, որ առայժմ խաղաղություն հաստատված չէ»,-ասել է նա՝ կարևորելով լծակների պահպանումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ