Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, որոնցից 26-ի մասով՝ ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
«Այս ողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է մեր հայրենակիցների կոնվենցիոն իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները և ակտիվորեն կապի մեջ է եղել գերեվարված անձանց հարազատների հետ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն գերատեսչություններին, միջազգային գործընկերներին և իրավապաշտպաններին, որոնք համագործակցել և շարունակում են համագործակցել Գրասենյակի հետ՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների իրավունքների։
Անվտանգության նկատառումներից, ինչպես նաև իրավասության առանձնահատկություններից ելնելով՝ մեր կողմից իրականացված ոչ բոլոր աշխատանքներն են ամենօրյա կտրվածքով հրապարակվում, ինչի առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուիցչը և հորդորել զերծ մնալ վերադարձանց անձանց անունները կամ լուսանկարները հրապարակելուց և շրջանառելուց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը