22 11 2020

Պետք է պահպանել մեր միասնականությունը և զերծ պահել մեր երկիրը նոր ցնցումներից և վտանգներից. Գարեգին Բ

Պետք է պահպանել մեր միասնականությունը և զերծ պահել մեր երկիրը նոր ցնցումներից և վտանգներից. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  նոյեմբերի 22-ին, արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությանը ելույթ ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց.

«Առ Աստված աղոթքով համախմբվել ենք այսօր հարգանքի ու երախտիքի մեր տուրքը մատուցելու Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանության համար զոհված մեր հերոսներին եւ խոնրահվելու նրանց լույս հիշատակի առաջ։ Հայոց նոր գոյապայքարում նահատակված արիասիրտ մեր զինվորների ու զորահրամանատարների քաջագործությունները հավերժական վկայություններ են մեծ հայրենանվիրումի ու ազգասիրության։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում, որը սանձազերծվեց Թուրքիայի սատարումով եւ վարձկան ահաբեկչների ներգրավումով, մեր հերոս զավակները խիզախությամբ մարտնչեցին թշնամու անհավասար ուժի դեմ՝ ի գին իրենց կյանքի՝ պաշտպանելով մեր հայրենիքը։ Այսօր բոլորս սիրելի որդեկորույս ծնողների, սգակիր հայրերի ու մայրերի, այրիացած կանանց ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաեւ հպարտություն ենք ապրում նրանց անզգուգական խիզախության, անօրինակ սխրանքների եւ պանծալի քաջագործությունների համար։ Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ՝ արցախահայության ազատ ապրելու, արդար իրավունքի եւ Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ ապահով կյանքի եւ բարօր առաջընթացի տեսիլքով։ Մեր նահատակների լույս հիշատակի առջեւ մենք այսօր կոչված ենք եւ պարտք ունենք արժեւորելու, իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները։

Դարերի հոլովույթում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն, սակայն բոլոր փորձությունների մեջ կարողացել ենք հաղթել մահվանը։ Աստծում ապավինած մեր ցավն ու վիշտը վերածել ենք ուժի ու զորության։ Մեր կորուստն ու սուգը վերափոխել ենք կամքի ու վճռականության։ Անգամ Ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր ժողովրդի 1,5 միլիոն զավակներ եւ կորցրինք պատմական հայրենիքի մեծագույն մասը, երբ Եղեռնից մազապուրծ բազում հայորդիներ տարագրվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարող եղանք աննկուն ոգով Արեւելյան Հայաստանի այս փոքրիկ հատվածում վերակերտել մեր պետականությունը, շենացնել հայրենիքը, Սփյուռքում գաղթօջախներ հիմնել։

Այսօր պատերազմի հետեւանքով ունեցած ցավալի կորուստներով եւ ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջեւ։ Այս դժվարին իրադրության մեջ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական եւ խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, մասնավորապես, պետական եւ քաղաքական գործիչների պարտքն է՝ պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար, հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության եւ վառ ու լուսավոր ապագայի։ Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման պետք է պահպանել մեր միասնականությունը, հեռու մնալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից եւ զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից եւ վտանգներից»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ