Անասնաբուժությանն առնչվող գիտական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման արդյունքում ստեղծվել է ուղեցույց, համաձայն որի համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու պատկան մարմինները պատերազմական պայմաններում ծավալել և մինչ օրս էլ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար:
«Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակներում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ: Կենդանիներն անցնում են նաև հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ:
ՍԱՏՄ մասնագետների կողմից պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր իրականացվում են նաև վերահսկողական աշխատանքներ հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը», - հայտնում են ՍԱՏՄ-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը