Այսօրվանից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն արցախցիներին․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է, որ հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
«Այսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:
Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր:
Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում», - գրել է Արցախի նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը