Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։
«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,- գրել էր Վահրամ Պողոսյանը։
168.am–ի հետ զրույցում ինքը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը շեշտել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ ռազմաճակատի մասին տեղեկություններ ստանալու համար խնդրել է հետևել պաշտոնական աղբյուրներին:
«Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Ինձ մոտ գտնվող ընկերներիցս մեկը, ցավոք, վիրավորվել է, մեկը զոհվել է․․․ բայց ամեն ինչ կարգին է: Աստված բոլորիս հետ»,- ասել է Սեյրան Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը