06 11 2020

Պետք է Դանիել Իոաննիսյանն ինձնից ծնկաչոք ներողություն խնդրի․ Սամվել Հարությունյան․ Hraparak.am

Պետք է Դանիել Իոաննիսյանն ինձնից ծնկաչոք ներողություն խնդրի․ Սամվել Հարությունյան․ Hraparak.am

Hraparak.am-ը գրել է․

«Մի քանի տարի տեւած դատական վեճը` Գիտության պետական կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջեւ, հանգուցալուծվել է հօգուտ Սամվել Հարությունյանի:

Հիշեցնենք, որ Գիտպետկոմի նախկին նախագահի համար դատարան հայցադիմում ներկայացնելու հիմք էին հանդիսացել Իոաննիսյանի կողմից Հարությունյանի հասցեին արված մի շարք արտահայտություններ, որոնք վերաբերում էին մասնավորապես կոռուպցիոն բնույթի երեւույթներում նրա ներգրավվածությանը: Սամվել Հարությունյանը դիմել էր դատարան եւ Դանիել Իոաննիսյանից պահանջել  հրապարակայնորեն հերքել զրպարտությունը, իսկ որպես փոխհատուցում` նրանից գանձել երկու միլիոն դրամ, որը նա խոստացել էր փոխանցել Հայաստանի մանկատներից մեկին: Դատարանը բավարարել է հերքելու պահանջը, իսկ գումարային պահանջից բավարարել է 500 հազար դրամ՝ որպես վնասի փոխհատուցում, եւ 250 հազար դրամ՝ որպես փաստաբանական ծախսի մաս։

Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ դատարանի որոշումն արդեն եղել է, նաեւ` հարկադիր կատարողականը, բայց ինքը դեռ լիովին բավարարված չէ. «Գումարը փոխանցվել է, բայց ինքը ներողություն պետք է խնդրի մամուլով եւ եթե մամուլով ներողություն չխնդրեց, ես մինչեւ վերջ գնալու եմ, ու թող ինքը չմտածի, որ Ամերիկա փախնելով՝ պրծնելու է, որտեղ էլ լինի, պետք է գա եւ ծնկաչոք ներողություն խնդրի իր հերյուրանքների համար: Ես այն մարդը չեմ, ում գլխին կարելի էր ինչ-որ բաներ սարքել: Դուք չեք պատկերացնում՝ այս 3 տարվա ընթացքում նա ինչքան ներվեր կերավ... Այդ մարդն այնպիսի դաստիարակություն է ստացել, որ հիշեցնում է Բուլգակովի Շարիկովին եւ «Ոսկե հորթից» Բենդերին, ով այսօր դարձել է Հայաստանի ամենակարեւոր փորձագետներից մեկը, ինչի համար ես ուղղակի անհարմար եմ զգում մեր ժողովրդի համար: Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ շարիկովներ ծնվել են, բայց մենք այնպիսի վիճակում ենք գտնվում, որ յուրաքանչյուր Շարիկով մեզ ահավոր մեծ վնաս է հասցնում: Ես իմ պատվից ցածր էի համարում նման միջակության հարցով զբաղվել, բայց ինքը կարմիր սահմանն անցավ, եւ կուզեմ, որ մի տարրական ճշմարտություն իմանա` ինքը պետք է հասկանա, որ ես երբեք սահմանն անցած մարդուն չեմ ներում, եթե ծնկաչոք ինձնից ներողություն չխնդրեց, շատ է տուժելու»: 

Իսկ ի՞նչ է անելու, եթե Իոաննիսյանը ծնկաչոք ներողություն չխնդրի։ Հարությունյանն ասաց. «Չասեմ, թե ինչ եմ անելու, բայց ինքը շատ լավ պետք է հասկանա` ես այն մարդը չեմ, որ կարող է հանդուրժել նման լկտիություն: Իսկ այդ տիպի մարդիկ ավելի վտանգավոր են, քան կորոնավիրուսը կամ այսօրվա պատերազմը, անգամ ադրբեջանցիք ավելի քիչ վտանգ են ներկայացնում, քան այդ մտացածին առաքյալները, որոնք հեղափոխությունից հետո առաջացել են եւ, ցավոք, պղտորում են շատ մարդկանց կյանքը»:     

Ինչ վերաբերում է բռնագանձված գումարին, որը Հարությունյանը խոստացել է նվիրաբերել մանկատանը, ասաց, որ այդպես էր որոշել, բայց քանի որ պատերազմ սկսվեց, եւ բազմաթիվ զոհեր ունենք, գումարի մի մասը նվիրաբերել է 1000+զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. «Մնացած գումարը տարբեր առաքելություններով ենք ծախսելու, եւ մինչեւ վերջին լուման ծախսվելու է մեր բանակի ու զինվորների համար: Այնպես որ, ակամայից այդ միջակության տված գումարը որոշակի դրական դերակատարում կունենա, իսկ նրա գումարն ինձ պետք չի»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ