Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նա նշեց, որ այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են. «Կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց եւ Ադրբեջանին պարտավորեցվի՝ ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը. այսինքն՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»։
Ռաֆայել Վարդանյանը նաև հայտնեց, որ հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։ Նա ասաց, որ քննչական խումբը զոհված զինծառայողների դիակների հանձնման գործընթացին մասնակցել է, եւ տեղում իրականացվել են քննչական-դատավարական գործողություններ. «Նույն օրը նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակում արդեն հետազոտությունն իրականացվել է Առողջապահության նախարարության դատաբժիշկ փորձագետների կողմից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը