29 10 2020

Մանկավարժական համալսարանի պարզաբանումը

Մանկավարժական համալսարանի պարզաբանումը

Հոկտեմբերի 29-ին slaq.am կայքի «Խրախուսանքի փոխարեն՝ հայհոյանքներ և աշխատանքից ազատում. ԲՈՒՀ-ի վերադասի վերաբերմունքը անակնկալի է բերել մարտական գործողությունների մասնակից աշխատակցին» վերնագրով հրապարակման մեջ առկա են բազմաթիվ անճշտություններ, հերյուրանքներ և ապատեղեկատվություն, որոնց կապակցությամբ ներկայացնում ենք փաստերով հիմնավորված հետևյալ տեղեկատվությունը.

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների հետ կապված ՀՀ կառավարության 27 սեպտեմբերի 2020թ. «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։  Նույն որոշման հավելվածի I բաժնի 6-րդ կետում սահմանված է «Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության»:  «Պաշտպանության մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքների համապատասխան հոդվածներով հստակ սահմանված են ռազմական դրության պայմաններում զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային, կապի և այլ միջոցների, անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների ներգրավման գործընթացում կազմակերպությունների պարտավորությունները և զինվորական կոմիսարիատների իրավասություններն ու գործառույթների շրջանակը։

Ելնելով նշված իրավական ակտերի պահանջներից, համալսարանը, զինկոմիսարիատի ծանուցմամբ, սեպտեմբերի 27-ին անհապաղ ապահովել է համալսարանի 2 ավտոբուսների առաքումը հավաքակայան՝ ավտոբուսների վարորդներ Հայկ Ազատյանի և Արա Գրիգորյանի կողմից, որտեղից էլ վերջիններս, զորահավաքային պլանի համաձայն, զինվորական կոմիսարիատի կողմից, համալսարանին պատկանող ավտոբուսներով ուղարկվել են Արցախի Հանրապետություն և ամրակցվել են N զորամասին։

Այսինքն, վարորդ Արա Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ համալսարանն իրեն սեպտեմբերի 27-ին գործուղել է Գորիս՝ այնտեղից Երևան անձնակազմ փոխադրելու նպատակով, բացարձակ ապատեղեկատվություն է։

Զորամասում հերթական ուղերթերից մեկն իրականացնելու ժամանակ Հայկ Ազատյանին ամրակցված ավտոբուսի ընթացային մասը վթարվել է, և մինչև նորոգումը, ենթակա չէ հետագա շահագործման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև պայմանավորված առողջական լուրջ խնդրով (տարել է սրտի վիրահատություն), վարորդ Հայկ Ազատյանը, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի տված տեղեկանքի հիման վրա հոկտեմբերի 15–ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան։ Վարորդ Արա Գրիգորյանը, զորամասում գտվելու առաջին իսկ օրերից, պարբերաբար զանգահարել է ՀՊՄՀ տրանսպորտի բաժին, խնդրելով ուղարկել իրեն փոխարինող վարորդ։ Համալսարանը սակայն, իր հաստիքացուցակում չունենալով ավտոբուս վարելու համապատասխան կարգ և հմտություն ունեցող վարորդ, հնարավորություն չի ունեցել զինկոմիսարիատի միջոցով, սահմանված կարգի համաձայն, ապահովելու վարորդի փոխարինումը։ Սակայն ընդառաջելով Արա Գրիգորյանի հորդորներին, ինչպես տրանսպորտի բաժնի պետը, այնպես էլ պրոռեկտոր Արմեն Թամազյանը, բազմիցս դիմել են զինկոմիսարիատ՝ հնարավորության դեպքում, զորահավաքին ներկայացող քաղաքացիների կամ կամավորների կազմից Արա Գրիգորյանին փոխարինող վարորդ ուղարկելու խնդրանքով։ Հոկտեմբերի 23-ին նույնպիսի խնդրանքով համալսարանի ռեկտորը գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության N2 տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերոբ Արմենակյանին։ Երկու օր անց համալսարան է ներկայացել համապատասխան վարորդական կարգ և ավտոբուս վարելու փորձառություն ունեցող զորահավաքով զորակոչված քաղաքացի Կարեն Վանիկի Մարտիրոսյանը՝ վարորդ Արա Գրիգորյանին փոխարինելու նպատակով N զորամաս մեկնելու պատրաստակամությամբ, որի հետ էլ 26.10.2020թ. կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ երեք ամիս ժամկետով (պայմանագրի պատճեն կցվում է)։ Նույն օրը տրանսպորտի բաժնի պետը հեռախոսով տեղեկացնում է Արա Գրիգորյանին փոխարինող վարորդի առկայության, մոտակա օրերին վերջինիս Արցախի Հանրապետության N զորամաս ներկայանալու և օրինական հիմունքներով իրեն փոխարինելու մասին։

Սակայն, չսպասելով փոխարինող վարորդի ժամանմանը, Արա Գրիգորյանը, թողնելով իրեն ամրակցված ավտոբուսը և մարտական զենքը, ինքնակամ, առանց զորամասի հրամանատարության թույլտվության, լքել է զորամասը և նույն օրը վերադարձել Երևան։ Հաջորդ օրը, հոկտեմբերի 27-ին, Արա Գրիգորյանը ներկայացել է աշխատավայր և տրանսպորտի բաժնի պետին խնդրել համապատասխան մարմիններին չհայտնել նշված փաստի մասին։ Այնուհետև, մտել է պրոռեկտոր Ա. Թամազյանի աշխատասենյակ և փորձել արդարացնել իր արարքը անթույլատրելի տոնայնության մեջ:

Այն հանգամանքը, թե իբր ինքը ենթակա չէր զորակոչման տարիքի պատճառով, սակայն այդ հաշվի չառնելով՝ համալսարանն իրեն ուղարկել է մարտական գործողությունների վայր, ինչպես նաև այն, որ համալսարանը պարտավոր էր 14 օր անց ապահովել հերթափոխելու օրենքով սահմանված պահանջը, բացարձակապես չի բխում ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում համալսարանի գործառույթներից և իրավասություններից։ Սակայն համալսարանն, այնուամենայնիվ, ձեռնարկել է իր աշխատակից Արա Գրիգորյանին այլ վարորդով փոխարինելուն ուղղված, նման իրավիճակում հնարավոր բոլոր քայլերը։ Բացարձակ չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված աշխատատեղը չպահպանելու և աշխատավարձը չվճարելու վերաբերյալ տեղեկատվությունը։                                          

ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ