ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Արցախի պաշտպանության նախարար և ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, ինչով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը: Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն էր 2019 թվականի հունիսից։
Նախքան դա, Միքայել Արզումանյանը 2018 թվականի հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գեներալ Արզումանյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել վարչապետ Փաշինյանի՝ հունիսի 27-ի որոշմամբ։
Արզումանյանը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին՝ որպես կամավորական, եղել է ջոկի հրամանատարի տեղակալ, հետո՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, գնդի, առանձին հետախուզական գումարտակի հրամանատար։
1999թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանը։
2000-2004 թվականներին եղել է զորամասի հրամանատար, ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիայի ունկնդիր։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը