Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական մարդակեր տանդեմի ակտիվացումը եւ պատերազմների պարբերաբար սանձազերծումը իրական սպառնալիք են տարածաշրջանային բոլոր երկրների արտաքին անվտանգության եւ կայուն զարգացման տեսանկյունից: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով:
Ադրբեջանի արտաքին մահաբեր առեւտրի առաջնային խոշոր գործընկերներն են՝ Իտալիան, Գերմանիան եւ Իսպանիան: Այս երեք երկրներին միասին բաժին է հասնում ադրբեջանական նավթի եւ գազի արտահանման գրեթե 40 տոկոսը, որը կազմում է տարեկան շուրջ 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար:
Այս երկրներից Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը կազմում է տարեկան շուրջ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 7 անգամ զիջում է արտահանմանը (աղբյուրը):
Վաղուց արդեն հայտնի փաստ է՝ այս երկրները Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներն են ԵՄ տարածքից: Դեպի այս երկրներ ադրբեջանական նավթի եւ գազի արտահանման եւ այս երկրներից Ադրբեջանի երեւացող ընդհանուր ներմուծման տարբերությունը (տարեկան միջինը՝ 6,2 միլիարդ ԱՄՆ դոլար) որոշակիորեն բնութագրում է այս երկրներից Ադրբեջան մատակարարվող զենքի ծավալները՝ «զենք նավթի դիմաց» շղթայով:
Հաշվի առնելով այս երեք երկրներից Ադրբեջանի ներմուծման անհամեմատ փոքր երեւացող ծավալները՝ կարելի է ենթադրել. այս երկրները ադրբեջանական նավթի ու գազի դիմաց՝ ընդհուպ մինչեւ 80-85 տոկոսի չափով Ադրբեջանին մատակարարում են սեփական արտադրության զինատեսակները:
Բնականաբար, Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկեր այս երկրները ստանում են տնտեսական գերօգտներ: Վերջինիս ընդհանրական գնահատման տեսանկյունից հատկանշական են նաեւ հետեւյալ իրողությունները՝
ադրբեջանական նավթի ու գազի արտահանման գները առնվազն 10-20 տոկոսով զիջում են միջազգային շուկաներում ձեւավորվող համապատասխան գներին, եւ նշված շեղումը պատերազմական այս օրերին առավել խորանում է,
զենքի միջազգային առեւտուրն ինքնին գերշահույթներ ապահովող բիզնես է, որի նվազագույն շահութաբերությունը՝ տարբեր գնահատումներով տատանվում է 30-50 տոկոս միջակայքում:
Այսպիսով, ամենահամեստ գնահատումներով ստացվում է՝ Իտալիան, Գերմանիան եւ Իսպանիան Ադրբեջանի հետ մահաբեր առեւտրից ընդհանուր առմամբ ստանում են տարեկան առնվազն 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի գերօգուտներ՝ պարբերաբար ականատեսը լինելով դրա անմարդկային իրական հետեւանքներին:
Ադրբեջան-Իտալիա մահաբեր առեւտրի ընդհանրական գնահատումների ամփոփ արդյունքները հրապարակել ենք օրերս:
Ադրբեջանական նավթի եւ գազի հինգերորդ խոշոր ներկրողն աշխարհում եւ երկրորդը ԵՄ-ում (Իտալիայից հետո) հանդիսանում է Գերմանիան՝ տարեկան շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ծավալով:
Հատկանշական է նաեւ այն, որ 2016թ. ապրիլյան քառօրյա եւ 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմներին նախորդող ժամանակահատվածում ադրբեջանական նավթի եւ գազի արտահանումը դեպի Գերմանիա գրանցել է թռիչքաձեւ աճ: Մասնավորապես, 2011-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 100 անգամ գերազանցել է 2010թ. ցուցանիշը: Ի դեպ, ամենաբարձր աճերը գրանցվել են պատերազմներին նախորդող 1-2 տարիներին:
Ադրբեջանական նավթի եւ գազի ութերորդ խոշոր ներկրողն աշխարհում եւ երրորդը ԵՄ-ում (Իտալիայից եւ Գերմանիայից հետո) հանդիսանում է Իսպանիան՝ տարեկան շուրջ 705 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: Այստեղ եւս հատկանշական է՝ պատերազմներին նախորդող 1-2 տարիներին ադրբեջանական նավթի ու գազի արտահանումը դեպի Իսպանիա աճել է շեշտակի: Մասնավորապես, 2014-2019թթ. տարեկան միջին արտահանումը շուրջ 3,5 անգամ գերազանցել է 2010-2013թթ. համապատասխան ցուցանիշը:
Կարելի է ամփոփ եզրակացնել.
տնտեսական այս գերօգուտները, հակադրվելով նաեւ եվրոպական արժեհամակարգին, փաստացի պատճառ են դառնում այն իրողության, որ Իտալիան, Գերմանիան եւ Իսպանիան շարունակում են իրենց մահաբեր առեւտուրը Ադրբեջանի հետ, իսկ օրերս էլ դեմ արտահայտվեցին Հունաստանի առաջարկին, որն ուղղված էր Թուրքիայի նկատմամբ ԵՄ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը:
Եվ վերջում.
տնտեսական այս գերօգուտները ծնում են աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ՝ ներկայումս հայ ժողովրդի համար փաստագրվող անմարդկային հետեւանքներով:
Իսկ շարունակության դեպքում՝ այս մարտահրավերներն ու հետեւանքներն անխոս տեղափոխվելու են նաեւ այլ տարածաշրջաններ ու երկրներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը