ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 15-ի միջնորդությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում է շնորհելու։
Օնիկ Գասպարյան
Օնիկ Գասպարյանը սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: Ոսկե մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան, գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Եղել է մի շարք զորամասերի հրամանատար, ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: ՀՀ Նախագահի 2015թ. հունվարի 21-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։ 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
2020 թվականի հունիսի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով:
Անկախ Հայաստանի պատմության մեջ, մինչ Օնիկ Գասպարյանին կոչման առաջադրելը, գեներալ-գնդապետի կոչում ստացել է 5 զինվորական։ Ովքե՞ր են նրանք և որտե՞ղ են այժմ․
Միքայել Հարությունյան
Միքայել Հարությունյանն ավարտել է բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ԽՄ մարշալ Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան: Եղել է Անդրկովկասի ռազմական օկրուգի 7-րդ գվարդիական բանակի շտաբի պետի տեղակալ: Պատերազմի տարիներին զբաղեցրել է մի շարք բարձաստիճան զինվորական պաշտոններ։
1994-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Պաշտոնավարել է 13 տարի։
Այնուհետ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի խորհրդական-գլխավոր ռազմական տեսուչ:
Պարգևատրվել է «ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, «Մարտական խաչ» շքանշանով, Վարդան Մամիկոնյան շքանշանով, ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, Մարտական ծառայության մեդալով, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, Պատվո լեգեոնի շքանշանով (ԱՄՆ), ՌԴ ՊՆ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով, ԽՍՀՄ 14 մեդալներով։ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։
2002 թվականին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
2018թ․ իշխանափոխությունից հետո այսպես կոչված՝ նոր հանգամանքների ի հայտ գալով՝ մեղադրանք առաջադրվեց Միքայել Հարությունյանին՝ 2008թ․ հետընտրական շրջանում սահմանադրական կարգը ենթադրյալ տապալելու համար:
Միքայել Հարությունյանը գտնվում է ՌԴ-ում, Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր ռուս գործընկերներին՝ գեներալին արտահանձնելու համար, սակայն ստացել էր մերժում։
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի առաջին օրից, Միքայել Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ առաջարկելով հնարավորություն տալ իրեն Հայաստան վերադառնալու և Արցախում ծառայելու համար, սակայն, ըստ տարբեր տեղեկությունների, ստացել է մերժում կամ, առնվազն, նամակը մնացել է անպատասխան։
Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանն ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ Ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ տարիներին Ստեփանակերտ քաղաքում եղել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: Արցախյան ազատամարտի ժամանակ մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։ 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։ Պատերազմից հետո եղել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ 2007 թվականին մայիսին ստացել է գեներալ-գնդապետ զինվորական կոչումը։
2007թ․ մայիսի 11-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
Այնուհետև նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
Պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճան, Տիգրան Մեծ շքանշաններով, Դրաստամատ Կանայան, Մարշալ Բաղրամյան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի, «Հանուն Շուշիի ազատագրման», ԽՍՀՄ «Հանուն գերազանց զինվորական ծառայության», «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալներով, «70 տարի ԽՍՀՄ զինված ուժեր» հոբելյանական մեդալով, Ժուկովի շքանշանով (ՌԴ): Արցախի հերոս է:
2018թ․ իշխանափոխությունից հետո այսպես կոչված՝ նոր հանգամանքների ի հայտ գալով՝ մեղադրանք առաջադրվեց Սեյրան Օհանյանին՝ 2008թ․ հետընտրական շրջանում սահմանադրական կարգը ենթադրյալ տապալելու համար:
Սեյրան Օհանյանը պատերազմի առաջին իսկ օրից մեկնեց Արցախ՝ իր փորձառությունը ներդնելու հայրենիքի պաշտպանության գործին։ Պատերազմական այս օրերին, որքան էլ տարօրինակ է, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երկու անգամ նշանակվեց դատական նիստ, որոնք, սակայն, հետաձգվեցին այն պատճառով, որ այժմ ամբաստանյալի աթոռին գտնվող գեներալ-գնդապետներն Արցախում են։
Յուրի Խաչատուրով
Յուրի Խաչատուրովն ավարտել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը, եղել է Լենինգրադի ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։ ԽՍՀՄ տարիներին վարել է հրամանատարական պաշտոններ Հայաստանում, Բելառուսում, Աֆղանստանում: Պատերազմի ժամանակ եղել է 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարը, մասնակցել ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։ Մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները։ Եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2008թ․ ապրիլի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
Այնուհետև նշանակվել է Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
2008 թ. ապրիլի 15-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում, պարգևատրվել է Երկու «Կարմիր Աստղ» շքանշանով, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշանով, Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշանով, Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշանով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով և այլն:
2018թ․ իշխանափոխությունից հետո այսպես կոչված՝ նոր հանգամանքների ի հայտ գալով՝ մեղադրանք առաջադրվեց Յուրի Խաչատուրովին՝ 2008թ․ հետընտրական շրջանում սահմանադրական կարգը ենթադրյալ տապալելու համար: Իշխանությունը հետ կանչեց Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ինչը, բազմաթիվ քաղաքագետների պնդմամբ, մեծ հարված էր այդ կառույցի հեղինակությանը։ Հայաստանն այդպես էլ չկարողացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ թեկնածու առաջադրել։
2020թ․ սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրից ի վեր, Յուրի Խաչատուրովն իր փորձառությունն օգտագործում է Արցախյան պատերազմում։
Մովսես Հակոբյան
Մովսես Հակոբյանն ավարտել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան։ Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում, որպես վաշտի հրամանատար: 1992-94թթ. մասնակցել է մարտական գործողությունների: Տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ: Եղել է ՊԲ հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ: 2000թ. մարտի 14-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2007թ. մայիսին նշանակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար: 2007թ. մայիսի 25-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: 2015թ. հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2016թ. մայիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետ։
2016թ․ հոկտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
2019թ․ նոյեմբերի 19-ին նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով: 2017 թվականին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
2002թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Մովսես Հրանտի Հակոբյանը արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով: Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով և «Զինվոր ինտերնացիոնալիստին` երախտապարտ աֆղան ժողովրդից» մեդալով:
Գեներալ գնդապետներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Մովսես Հակոբյանը, ընդհանուր հաշվով, ղեկավարել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը՝ 22 տարի։
Գուրգեն Դալիբալթայան
Ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը: Սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում: 1947-1991թ.թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ: 1971թ.ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ: Այնուհետև զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները: 1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, ապա՝ Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները: 1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով, 1998-ին` ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2000-ին` ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2002 թ. Հայ Առաքելական եկեղեցու «Ներսես Շնորհալի», 2006-ին` ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշաններով, պետական ու գերատեսչական մեդալներով: 2001 թ. հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2001 թ-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գուրգեն Դալիբալթայանի անունով:
Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը