Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին
Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։
Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով վերջինիս ներդրած ջանքերը երկու երկրների համագործակցության սերտացման և ժողովուրդների միջև կապերի առավել ամրապանդման գործում։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների պատմական առնչություններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք է հանդիսացել քրիստոնեական հավատը և որդեգրված քրիստոնեական արժեքները։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, հումանիտար հրադադարի պայմանավորվածության խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը