Արդեն տասներկու օր է՝ Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ և թիրախավորել է խաղաղ բնակչությանը։ Մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և Արցախի մնացած բնակավայրերը ենթարկվում են հրետակոծության և հրթիռակոծության։ Արցախում պատերազմը նաև միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրության ներքո է։ Մենք պարբերաբար ներկայացրել ենք միջազգային մամուլի անդրադարձը: Այսօր կներկայացնենք ռուսական մեդիայի անդրադարձը:
Պատերազմի հենց առաջին իսկ օրվանից բոլոր առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի», «ՏԱՍՍ», «Ինտերֆաքս», REGNUM և մյուս լրատվամիջոցները ներկայացնում են վերջին զարգացումները հակամարտության առաջնագծից։ Լրատվամիջոցները փորձում են ներկայացնել իրավիճակը՝ բալանսավորված, հավասարաչափ ներկայացնելով երկու կողմերի ոչ միայն պաշտոնական հաղորդագրությունները, այլ նաև փորձագետների հետ հարցազրույցներ: Պետք է նշել որ հատկապես վերջին օրերին, հայամետ դիրքորոշումն ռուսական մեդիադաշտում գերակշռում է: Ներկայացն ենք մի քանի հատվածներ տարբեր լրատվականների հոդվածներից:
Հատված REGNUM-ի հոդվածից
«Ինչպես տեսնում եք, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Ադրբեջանի անցումը ուժի գործադրմանը չի գտնում համաշխարհային հանրության աջակցությունը: Բաքուն հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ, ինչը վկայում է նրա դիվանագիտության լիակատար ձախողման մասին»:
Независимая Газета պարբերականն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:
Աղբյուրը, հիմնվելով «սեփական աղբյուրների» վրա, գրում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մերձարևելյան վարձկանների ևս մի խումբ է ոչնչացրել: Կիևից անկախ լրագրող Օլեգ Պավլենկոն հայտարարել է, որ իր աղբյուրներից երկուսը հերքել են այս տեղեկությունը, մինչդեռ երեքը նշել են, որ «լսել են նման բան»:
«Գումարի մասին չգիտեմ, բայց հարյուր տոկոսով հաստատ է, որ նման առաջարկություններ շրջանառվում են ուկրաինական «հակաահաբեկչական դաշինքի» վետերանների շրջանում: Համենայնդեպս, Լվովում ապրող ծանոթներիցս մի քանիսին արել են նման առաջարկություն: Ընդորում՝ նման առաջարկ է արել Լվովի Շևչենկովո շրջանի զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը»,- ծանոթներից մեկի խոսքերն է մեջբերել Պավլենկոն:
Հատված ՌԻԱ Նովոստիի հոդվածից
«Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից բերված 93 վարձկան, որից 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին»:
Բացի այդ, աղբյուրի հավաստմամբ, նախորդ հանգստյան օրերի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտի է ժամանել Սիրիայից վարձկանների 3-րդ խումբը:
Պետք է նշել նաև այս ընթացքում ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյավի գործունեության և դերակատարման մասին: Եվ իր քննարկումների և հեղինակային հաղորդումների ժամանակ լրագրողը ոչ միայն չի թաքցնում իր հայամետ դիրքորոշումը, այլ կոնկրետ ուղերձներ է հղում հայ ժողովրդին:
Ստորև ներկայացնենք մի հատված Վլադիմիր Սոլովյովից
«Թուրքը չէ, որ պետք է ինձ պատմի Հայաստանի և Արցախի զինվորների մասին։ Հայերը մշտապես քաջարի մարտիկներ են եղել` ի ծնե։ Բայց ինչպիսի՞ մարտիկներ են թուրքերը` հարց է. Նրանք նենգաբար կռվողի համբավ ունեն։ Հայերը ունեն 4000 տարվա ռազմական պատմություն»:
Այս համատեքստում նաև պետք է նշել նաև իշխանամետ գործիչների, քաղաքագետների և լրագրողների կեցվածքն ու դիրքավորումը այս օրերին: Հատկապես Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը, ով ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր քննարկումների և ընդգծված հայկական տեսակետներ հնչեցնում: Առանձնանում է նաև ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, ով այժմ գտնվում է Արցախում և ռեպորտաժներ է անում հենց ռազմաճակատից՝ հայկական կողմից:
Բացի այդ, նա իր WarGonzo թելեգրամյան ալիքում պարբերաբար հրապարակումներ է անում, ով դեռ պատերազմի սկզբում գրառում էր արել՝ նշելով՝ «Հայերի համար սա, անշուշտ, սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի: Ակնհայտ է, որ առաջնագծում (նաև թիկունքում) կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ»:
Նկարահանող խումբ ուներ Արցախում նաև RT –ն, որոնք շատ ակտիվ կերպով ցուցադրում էին պատերազմի բոլոր հետևանքները: Ի դեպ, աչքի է ընկնում նաև լրատվամիջոցի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ով շատ ակտիվ է սոցիալական հարթակներում, կամ հայանպաստ գրառումներ է անում, կամ տեսանյութերով և գրառումներով կիսվում: Իր հայամետ ակտիվութայմբ աչքի է ընկնում նաև հայտնի հեռուստալրագրող, НТВ ռուսական հեռուստաընկերության հաղորդավար Ռոման Բաբայանը:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ հատկապես ռուսական ընդդիմադիր մամուլում այլ իրավիճակ է: Առաջին հայացքից նորից փորձ է արվում հավասարակշռությունը պահել, ներկայացնել երկու կողմերին էլ, բայց դա միայն առաջին հայացքից:
Այսպես օրինակ, ընդդիմադիր պարբերակններից մեկը՝ Новая Газета-ն, որի գլխավոր խմբագիրն է Դմիտրի Մուրատովը և որն նաև կապվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ, ներկայացնում է ֆոտոպատմություն Արցախից: Հեղինակը, իբրև թե շրջում է հրթիռակոծված քաղաքներում և զրուցում մարդկանց հետ: Ըստ հեղինակի ներկայացրած պատմության, հրթիռակոծված քաղաքի բնակիչը, օրինակ ասում է, որ ադրբեջանիցները պատերազմ չեն ուզում, երկրի ղեկավարությունն է մեղավոր:
Իսկ ահա այս պատմության մյուս հերոսը՝ կամավոր սահման մեկնած քաղաքացին, իբրև թե սկսում է դժգոհել ՀՀ և Արցախի ղեկավարներից, իբրև թե մանրամասներ հաղորդում առաջնագծից, իսկ որպես հանգուցալուծում էլ նշում, որ եթե այսպես գնա, պետք է հանձնել Ադրբեջանին որոշ հողեր:
Իհարկե նաև հիշում ենք իրեն ամենաըդդիմադիր հռչակած, հակապուտինյան «Дождь» հեռուստաընկերության պատմությունը: Նախ, այդ լրատվամիջոցը ցուցադրում էր հակառակորդի հրետակոծությունից վնասված Արցախը, Ստեփանակերտը, ավերածություններն ու դա վերագրում որպես Ադրբեջանի կորուստներ: Հետո էլ նույն ալիքը ներկայացնում է տեսանյութ Ստեփանակերտից, որում մայր ու աղջիկ պատմում են, որ անօրինական ձևով են առաջնագիծ տարել իրենց հարազատներին, որ իրավունք չուներ իշխանությունը և այսպես շարունակ:
Իհարկե, հետո լրատվամիջոցը առաջին մասով ներողություն խնդրեց, նշելով, որ բոլորն էլ սխալական են, իսկ երկրորդ տեսանյութի մասով նորից հետևեց ինչ-որ բացատրություն, իսկ տեսանյութն այդպես էլ չհեռացվեց, ավելին այն ունի արդեն կես միլիոնից ավելի դիտում:
Փաստորեն, կարելի է միանշանակ եզրակացնել, որ ռուսաստանյան իշխանական ու մերձկրեմլյան լրատվամիջոցներն են, որ այս օրերին ներկայացնում են առնվազն հավասարակշռված տեղեկատվություն, եթե ոչ՝ հայամետ և հակառակը՝ հակահայկական քարոզչություն են իրականացնում հակապուտինյան համարվող մեդիաների ներկայացուցիչներն ու իրենց խմբագրությունները։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը