03 10 2020

Միջազգային մամուլի անդրադարձը՝ պատերազմին

Միջազգային մամուլի անդրադարձը՝ պատերազմին

 

Աշխարհի հեղինակավոր պարբերականները այս օրերին պարբերաբար անդրադառնում են Արցախում ընթացող պատերազմին: Ներկայացնում ենք վերջին երկու օրերին առավել ուշագրավ անդրադարձերը:

«Այս տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ռազմական միջամտություն է իրականացրել Սիրիայում, Լիբիայում և Իրաքում։ Նրա ագրեսիվ քաղաքականությունն էլ ավելի է սրում Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները»- «Թուրքիան ներքաշվում է հերթական հակամարտության մեջ, այս անգամ՝ Կովկասում» վերտառությամբ հոդվածում գրում է The New York Times-ը։

Ինչպես նշում է հեղինակավոր պարբերականի հոդվածագիրը, այս շաբաթ Հարավային Կովկասում ԼՂ հակամարտությունը վերածվեց բաց պատերազմի և «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին համաշխարհային առաջնորդն էր, որը նետվեց մարտի»:

«Նրա առաքելությունը պատերազմող կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելը չէր։ Դրա փոխարեն նա իր լիակատար աջակցությունն է հայտնել ադրբեջանցիներին»,- գրում է հոդվածագիրը:

 «Նոր ապացույցներ են հայտնվում առ այն, որ սիրիացի զինյալներին որպես վարձկաններ են հավաքագրում` ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար», հայտնում է CNN-ը:

CNN-ը զրուցել է մի սիրիացու հետ, ով համաձայնել է Սիրիայի հյուսիսից մեկնել Ադրբեջան: Տղամարդը, ով հրաժարվել է նշել իր իրական անունը, ասել է, որ ապրում է Սիրիայի հյուսիսում` Աֆրին շրջանում, բայց ծնունդով Դամասկոսից է:

Նա ասել է, որ այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» անդամ է, որին աջակցում է Թուրքիան: Դրա ղեկավարը խնդրել էր գրանցվել նրանց, ով պատրաստ է մեկնել Ադրբեջան: «Ես դա արեցի կամավոր, եւ իմ ստորաբաժանման 90 տոկոսը գրանցվել է»,- ասել է նա CNN-ին:

 

 Guardian պարբերականի թղթակիցը զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Այս մասին Բեթան Մաքերանը գրել է Twitter-ում:

«ՇՏԱՊ. կապ եմ հաստատել Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Նա հաստատել է, որ սեպտեմբերի 24-ին Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի զինյալ խմբավորումների 1000 մարդու հետ միասին ժամանել է Ադրբեջան: Նրանցից ոմանք, ըստ այս անձի, ուղարկվել են առաջնագիծ, իսկ 10 մարդ արդեն մահացել է», - գրել է նա:

 

Al Arabiya-ն գրել է.

«Առնվազն 28 թուրքամետ սիրիացի զինյալ է սպանվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի բախումների ընթացքում, հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված դիտարկումը:

 Նրանք թուրքամետ սիրիական խմբավորումների ավելի քան 850 զինյալների թվում էին, որոնց Թուրքիան ուղարկել էր անցյալ շաբաթ` ադրբեջանցիների կողմից կռվելու համար, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությունը»:

 

Հոկտեմբերի 3-ին rbc.ru-ն ծավալուն անդրադարձ է արել՝ ներկայացնելով հակամարտության ողջ պատմությունը, հարցազրույցներ վերցրել փորձագետներից:

Որպես եզրահանգում, կայքը գրում է.

«Ինչ վերաբերում է երրորդ կողմերին, ակնհայտ է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին և մեծացնել իր ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում: Ռուսաստանը հայտնվում է բարդ իրավիճակում, քանի որ այն առանցքային դերակատար է ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եռակողմ ձևաչափի համատեքստում»:

kommersant.ru-ն նույնպես անդրադարձել է պատերազմին՝ նշելով, թե միջազգային ինչ արձագանքներ են եղել և ինչ արդյունք է արձանագրվել:

Մասնավորապես, կայքը գրում է.

«Աննախադեպ միջազգային ճնշումը, որն ամեն օր ավելի ու ավելի է գործադրվում ղարաբաղյան հակամարտության մասնակիցների վրա, դեռ չի հանգեցնում շոշափելի արդյունքների: Գրեթե մեկ շաբաթ շարունակվող պատերազմը միավորել է նույնիսկ նրանց, ովքեր վերջին տարիներին քիչ բան ունեն միավորելու. Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն արձանագրել են «խնդրի լուծման մոտեցումների համընկնում»:

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ