Արցախի Հանրապետությունում պատերազմի 7-րդ օրն է։ Սահմանին կյանքի ու մահվան կռիվ են տալիս հայ զինվորներն ու կամավորները։ Պատերազմին զուգահեռ, Հայաստանում, հատկապես՝ ֆեյսբուքում, տպավորություն է, թե խաղաղություն է հաստավել Արցախում և ելքը՝ Բաքվի գրավումն է։ Խոսնակների՝ ամեն խփված ԱԹՍ-ի մասին լուրից հետո, համացանում էյֆորիկ պայթյուն է առաջանում։ Մի շարք գործիչներ և փորձագետներ այս ամենին ֆոնին սթափության կոչ են անում։
Հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանն իր էջում գրել է․
«Երեք անհրաժեշտ քայլ։
1- Լրջանալ, չարդարացված ռոմանտիզմն ու անտեղի հրճվանքը թարգել, մոբիլիզացվել ազգովի. սա լուրջ պատերազմ է, ավելի քան որևէ մեկը կարող է պատկերացնել։
2- Հայտարարել Հայրենական պատերազմ, ձևավորել նախկին ու ներկա ռազմական գործիչների խորհուրդ, ղեկը հանձնել նրանց, անցնել վերջնական հարվածի։
3- Ամեն ինչ որոշվում է զենքով, միայն ու միայն զենքով։ Աշխարհը հաղթողի՛ կողքին է։ Ի զե՛ն։ Պինդ եղեք»։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրել է․
«Արցախում վճռական հարված հասցնելու համար զորակոչվում ու զինակոչվում են բոլոր միջոցներն ու ուժերը։ Առավոտյան ռազմաճակատում մարտնչելու է մեկնել նաև երկրի ղեկավարը։ Վճռական ժամ է կամ, ասում են, բոլորը՝ հանուն ռազմաճակատի։
Այս ֆոնին երևանյան էյֆորիկ և հաղթահանդեսային տրամադրությունները թվում են տարօրինակ։ Պատերազմը պիտի ապառոմանտիզացվի և բերվի սթափ ընկալման ու գնահատման դաշտ»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է․
«Արցախից ու գործից հասկացող բոլոր մարդիկ հիմա գրում են պատերազմի վճռորոշ փուլ մտնելու մասին։ Դա նշանակում ա, որ ծանր ա լինելու, շատ ծանր։ Իսկ դա նշանակում ա, որ ձեր օրը մի շրջան «ազատագրելը» ֆեյսբուքում էյֆորիայի մեջ ու ապատեղեկատվությամ ինքներդ ձեզ սփոփելը արագի մեջ թարգել ա պետք։ Չէ, խուճապ ու դեպրես պետք չի, հիմա սթափ դատող ու զգոն հանրություն ա պետք։ Դուք թիկունքը պինդ պահեք, տղերքը՝ առաջնագիծը։ Էդ «շատ լավ լուր գիտեմ, բայց դեռ չեմ ասի» վիճակներն էլ թարգեք, դա էլ ա անտեղի պատրանքներ ստեղծում»։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Facebook-ում գրել է.
«Առավոտից շատերը կարծես թե սկսեցին հասկանալ, որ պատերազմը ֆեյսբուքյան մեմեր ու ռոմանտիկա չի։ Սա արդեն դրական տեղաշարժ է։
Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են. բայց ավելի ծանր դրություններից էլ է մեր պետականությունը հաղթող դուրս եկել։
Հաղթանակի միակ երաշխիքը ազգ-բանակ դառնալն է, տոտալ մոբիլիզացիան։
Քայլ առաջին. իշխանությունները պետք է առավելագույնս արագ կազմակերպեն Հայաստանի (ներառյալ Արցախի) բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների՝ ազգովի համախմբվելու համատեղ կոչ (որին պիտի անհապաղ հաջորդի իրական համատեղ աշխատանքը)։
Քայլ երկրորդ. իշխանությունները պիտի հստակ հրահանգներ տան քաղաքացիներին իրենց անելիքների մասին։
Բոլորին կոչ եմ անում մի կողմ դնել անձնական ամբիցիաները, իշխանատենչությունը և խաղաղ ժամանակվա մնացած տունտունիկները», - գրել է Կարեն Վրթանեսյանը։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ համացանցում խնդիր է ավելորդ էյֆորիան:
«Էյֆորիան և պաթոսը որոշ դեպքերում հասկանալի է, բայց պետք է ամեն օր ավելի շատ կշռադատված և սառը դատողությամբ շարժվել, որովհետև ամեն դեպքում վիրտուալ պատերազմ չէ, իրական պատերազմ է, առաջնագծում զոհեր են լինում, վիրավորներ են լինում, «ռեմբոյությունը» սոցցանցերում լավ կլինի ժամանակավորապես սահմանափակվի, և սոցցանցերը սկսեն աշխատել տեղեկատվական ճակատում օգնություն ցուցաբերել պետական մարմիններին, կամ այլ մարմիններին, որոնք դրամահավաք, կարևոր պարագաների հավաք են կազմակերպում, բայց էլի կենտրոնացված պետական մարմինների հետ: Պետք է ոտքը գազից հանել և մտնել ռացիոնալ դաշտ»,- ասել է Քոչարյանը:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է․
Կռիվա ու թարգեք ռոմանտիկան․․․ Մահ չկա, կա ազատություն․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը