Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր հանդես է եկել համայն հայությանն ուղղված ուղերձով:
Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.
«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ողջ, ողջ հայությանը համախմբվել եւ զորակից դառնալ Արցախին եւ մեր բանակին:
Մի քիչ առաջ Արցախի նախագահ պարոն Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին: Այսօր իրոք թեժ ու դաժան պատերազմ է գնում, կենաց-մահու պատերազմ, գոյապայքարի կռիվ է: Դուք գիտեք, որ մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ մեր դեմ նենգաբար սկսում են պատերազմել:
Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու, պաշտպանվելու: Այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ հանուն կյանքի եւ հանուն խաղաղության:
Ես հիմա կամենում եմ, որ բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցքն, մեկ միտք, մեկ կամք եւ ամեն ինչով աջակցել մեր բանակին ու արցախահայությանը:
Մենք այստեղ ենք եւ գիտենք, որ մեջքի հետեւում Մայր Հայաստանն է: Մենք Մասիս սարի պես պետք է լինենք կայուն ու անսասան: Այսօր ժամը 18.00-ին խնդրում եմ աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցություն մեր բանակի: Եվ մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի եւ խաղաղության համար: Այնպես որ բոլորիս աղոթքն ենք սպասում, եւ բոլորիդ զորակցությունը:
Ամուր եղեք, պինդ եղեք, մեր գործն արդար է եւ Աստված միշտ արդարների կողմն է լինում: Տերը օրհնյալ պահի ամբողջ հայությունը եւ մեր բանակը: Ամեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը