01 10 2020

ԱԳՆ-ն հերքում է ԱՄՆ Պետդեպից ժամանած պատվիրակության մասին տեղեկատվությունը

ԱԳՆ-ն հերքում է ԱՄՆ Պետդեպից ժամանած պատվիրակության մասին տեղեկատվությունը

ՀՀ Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը չի հաստատում ԱՄՆ պետդեպարտամենտից ԱԳՆ-ում հյուրընկալած պատվիրակության մասին տեղեկատվությունը:

Խոսքը օրերս ԱԳՆ-ում անցկացված մի հանդիպման մասին է, որի հյուրընկալվող կողմը, ըստ աղբյուրի, ԱՄՆ Պետական դեպարտամենտից է եղել, ընդ որում՝ ոչ այնքան ներկայացուցչական կազմով, սակայն բավականին լուրջ «առաքելությամբ»:

Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ այս օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ է, Երևան է ժամանել ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցներից բաղկացած պատվիրակություն, որի կազմում եղել են նաև Իրաքում և Լիբիայում Պետդեպարտամենտին սպասարկող անձնակազմի երեք ներկայացուցիչներ: Տեղեկատվության մեջ նշվում է նաև ամերիկացի պաշտոնյաների այցի ֆորմալ նպատակի մասին. ուսումնասիրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնել:

Այս տեղեկատվությունը մի քանի ժամ է լայնորեն տարածվում է մի քանի հարթակներում, կոնտեքստում ընդգծվում է պատերազմական վիճակում հայկական ինքնիշխան պետության ղեկավարության սիրախաղերի մասին՝ Միացյալ Նահանգների հետ, ինչը, վստահաբար, առաջացրել է ռուս դաշնակցի մոտ լուրջ դժգոհություն:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության հետ հանդիպման մասին տեղեկատվությունը  ուշագրավ է մի քանի առումներով՝ այցի ժամկետների ընտրության,  պատվիրակության կազմում նշված երեք ներկայացուցիչների ընտրության մասով, թեև այս ամենի մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն չկա:

ԱԳՆ-ից հայտնում են, որ չի եղել նման հանդիպում և հետևաբար այդ պատճառով էլ չկա պաշտոնական հաղորդագրություն:

«Այդ ամբողջ տեղեկատվությունը բացարձակապես սուտ է և ես կոչ եմ անում բոլորին, հատկապես այս օրհասական վիճակում զերծ մնալ դիտավորյալ կամ միամտորեն սուտ տեղեկատվություն տարածելուց»,- Yerevan.Today-ին փոխանցեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և հորդորեց գործընկերներին՝ զգուշավոր մոտենալ այս օրերին տարածվող ապատեղեկատվությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ