Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ արցախցիներին իրենց տներում ապաստան տալու ինքնագործ քայլերից: Այս մասին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել:
Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով:
Ձեռնարկը մարդասիրական ու մարդկային է, բայց ցանկացած բարի մղում կարող է վերածվել իր հակադրությանը, եթե զերծ չմնանք անվերահսկելի ինքնագործունեությունից ու չհամակարգված գործողություններից:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ինքնագործ քայլերից, տարատեսակ հայտարարություններ տարածելուց և բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել պատկան մարմինների հետ:
Հիշեք, որ մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար:
Հարգելի քաղաքացինե՜ր:
ՀՀ ոստիկանությունը հետևողական է լինելու այդ կարգի նախաձեռնությունների և հայտարարությունների ծագումը պարզելու և քաղաքացիներից պարտադիր դրանց համաձայնեցում ու կանոնակարգում պահանջելու գործում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը