Թեհրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցային գործընթաց սկսել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հայտարարությանը։
«Թեհրանը կողմերին զսպվածության, կրակի անհապաղ դադարեցման և երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման կոչ է անում»,- Խաթիբզադեի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դիվանագետը նշել է նաև, որ «Իրանն անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումներով և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստակամությունն է նաև հայտնել զինադադարի և երկու երկրի միջև երկխոսության հաստատման նպատակով իր բոլոր հնարավորություններն օգտագործելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը