25 09 2020

Քեզ հերոսի տեղ չդնես, հանգիստ պահի․ Ծառուկյանի աջակիցներին բերման ենթարկեցին



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ հավավքվել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները լարված իրավիճակ էր ստեղծվել: Կարմիր բերետավորները երկու քաղաքացու բերման ենթարկեցին:

Բերման ենթարկված քաղաքացիները դիմակ չեն կրել ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Երեւան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լեւոն Ղազարյանը։

«Ոստիկանությունն իր օրինական գործողությունն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում կարող է նաեւ կիրառել ուժ։ Դիմակ չկրելու համար, սկսել են վիճաբանել ոստիկանության ծառայողների հետ եւ օրինական պահանջը չեն կատարել»,- ասաց Ղազարյանը։

Հարցին՝ արդյոք ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու գործողությունը հավասարաչա՞փ էր, նա մեկնաբանեց. «Ձերբակալում իրականացնելիս Ոստիկանության ծառայություն իրականացնողները կարող են կիրառել նաեւ ֆիզիկական ուժ։ Ոստիկանները հարգալից մոտենում են, ներկայանում են,  ներկայացնում են իրավախախտումը, սակայն քաղաքացիները խուսափել են իրենց անձնական տվյալները ներկայացնել»։

Նշենք, որ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հիշեցնենք, որ շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը: Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն էին ներկայացնել։ Դատավորն ինքնաբացարկը մերժել էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ