22 09 2020

Ապատեղեկատվական գործողության հիմնական թիրախները երեքն են. Վարդան Ոսկանյան

Ապատեղեկատվական գործողության հիմնական թիրախները երեքն են. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից տեխնոլոգիական բոլոր հնարքների կիրառությամբ ակտիվորեն շրջանառվում է ապատեղեկատվություն, թե իբր Իրանի տարածքով Սիրիայից և Իրաքից արցախյան հակամարտության գոտի են տեղափոխվում «Քրդստանի բանվորական կուսակցության» զինված ջոկատներ։

Մի կողմ թողնելով բուն ադրբեջանական ԶԼՄ-ների անդրադարձները, ուշագրավ է, որ կիրառվում է ապատեղեկատվության տարածման դասական սխեմա․ սեպտեմբերի 15-ին եգիպտական «Al-Qahira 24» լրատվական ռեսուրսում արաբերենով հրապարակվում է ապատեղեկատվական նյութը, այնուհետ դրա վրա հղմամբ և արդեն նոր շեշտադրումներով սեպտեմբերի 19-ին այն գրեթե ամբողջությամբ վերաշարադրվում է ընթերցողների լայն լսարան ունեցող «Gazeta.ru» ռուսալեզու կայքում, հետո նաև այլ վերաշարադրումներով տարածվում այլուր։

Ապատեղեկատվական գործողության հիմնական թիրախները երեքն են՝ հակահայկական քարոզչական ներգործություն արաբալեզու լսարանի վրա, նույնանման ազդեցություն ռուսալեզու լսարանի վրա և ամենահիմնականը՝ հակամարտության գոտում հնարավոր նոր թեժացումների դեպքում թուրքական միջամտության իրավաչափության տեղեկատվական ֆոնի ստեղծում, քանի որ «ՔԲԿ»-ն Թուրքիայում պաշտոնապես համարվում է ահաբեկչական կառույց։

Եթե գնահատենք ապատեղեկատվական այս «կարուսելի» կազմակերպման մակարդակը, ապա այն բավական բարձր է և արհեստավարժ, այլ հարց է, թե որքան գումար է ծախսվել դրա համար»։

#քարոզչություն

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ