16 09 2020

Ի՞նչ է կատարվում Ոստիկանությունում. Էլինար Վարդանյանի հոդվածը

Ի՞նչ է կատարվում Ոստիկանությունում. Էլինար Վարդանյանի հոդվածը

 

Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Մենք այս մասին արդեն տևական ժամանակ է զգուշացնում ենք։ Ամեն օր արձանագրվում են քաղաքացիների և ոստիկանության բախումներ։

Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ պաշտպանված չէիր ոչ միայն պատահական կրակոցից կամ դանակահարությունից, այլև կարող էիր դառնալ ոստիկանների կամայականությունների զոհ։

Իրավապահ համակարգին տրվող անլուրջ՝ ծեփելու, փռելու, պառկեցնելու մասին հակաօրինական հրահանգները, ըստ էության դարձել են ոստիկանության հիմնական աշխատելաոճը։ Եվ սա դարձել է օրինաչափություն։

 Վերջին մի քանի օրը հետևում ենք քաղաքացի-ոստիկան բախումների քրոնիկոնին։ Լարվածությունը խորանում է հատկապես քաղաքական հրահանգով ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում։ Դիմակների պրոբլեմի ֆոնին, երբ քաղաքի շուկաներում, մարդաշատ վայրերում մարդկանց իննսուն տոկոսը դիմակ չի կրում, ոստիկանները կարող են դա անտեսել, սակայն փոխարենը մի քանի հոգով կկատարեն դիմակը պատահաբար իջած աղջկան տուգանելու սրբազան պարտքը։

 Կացնային այս մոտեցումն իր հերթին ծնում է դիմադրություն և բախումներ։ «Դիմակների պատերազմը» օրեցօր նոր զարգացումներ է ստանում՝ հասնելով աբսուրդի։ Ոստիկանության պահվածքը վաղուց արդեն դուրս է բանականության շրջանակներից։ Ձևավորվում է անտանելի մթնոլորտ։ Քաղաքական իշխանության հրահանգը ոստիկանությանն՝ առավելագույն անհանդուժող լինել դիմակների խնդրում, գնալով վերածվում է ոստիկանական բեսպրեդելի, դուրս է գալիս մարդկային նորմերից։ Գյումրու կենտրոնում դիմակի պատճառով տեղի ունեցած բախումը տիպիկ օրինակներից մեկն է՝ անկառավարելի իրավիճակ, ծեծ, ուշաթափություն։ Եվ այդ ամենը մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Ընտանիքի հետ զբոսանքի դուրս եկած երիտասարդի ոչ պատշաճ ձևով կրած դիմակը դարձել էր վիճաբանության առարկա։ Իսկ հետո բեսպրեդել՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել։ Եվ ամենակարևորը՝ այս ամենը մի քանի տասնյակ առանց դիմակների այլ քաղաքացիների ներկայությամբ։

 Նույն օրը մեկ այլ ոստիկան երկար ժամանակ փորձում էր քաղաքացու հետ պարզել, թե ինչ է ընկույզը։ Պարզվում է «պոպոքը» սնունդ չէ։ Ոստիկանը չգիտեր ինչ է, բայց սնունդ չէ։ Հավանաբար դիմակների համար տուգանքների այդ օրվա պլանը պատշաճ չէր կատարվել։

 Երեկ արդեն խայտառակ իրավիճակ էր Րաֆֆու փողոցում՝ կռիվ, հրմշտոց և քաշքշոց։ Մի քանի ոստիկան դիմակի համար բռնել էին մի կնոջ, փորձում էին քաշքշելով բերման ենթարկել։ Իրավիճակն այնքան անմարդկային էր, որ պատահական անցորդներն էին փորձում միջամտել։

 Սրանք ոստիկանների աբսուրդի հասնող մոտեցման մի քանի օրինակներ են։ Իսկ դրանք բազմաթիվ են։ Ոստիկանների կացնային մոտեցումը հասկանալիորեն առաջացնում է հակազդեցություն, դիմադրություն, շատ հաճախ բերում է կոնֆլիկտների։

 Սակայն ոստիկանության գործողությունների դեգրադացումը բնորոշ է ոչ միայն դիմակների շոուին։ Ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանի գրառումը պարզ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում ոստիկանությունում։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգով ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով վերջինիս ոստիկանության բաժանմունք տեղափոխելը, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ խմբակային ծեծի ենթարկելը, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը ինքնիրավչության, չարաշահման փուլ թևակոխելու ապացույցն է։

 Սա կարող է լինել կամ վատ կառավարման, կամ հասարակության մեջ վախ սերմանելու պետական քաղաքականության արդյունք։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում է վտանգավոր խզվածություն հասարակության և ոստիկանության միջև։

 Ամեն օր մեծ ու փոքր կոնֆլիկտները, վիճաբանություններն ու բախումները, ոստիկանության միջոցով մարդկանց հայտարարված պատերազմը կբերի անկանխատեսելի հետևանքների։ Սա պետք է գիտակցի իշխանությունը։ Եթե այսօր հետևություններ չարվեն, վաղը ոստիկանությունն անխնա, զանգավածաբար քաղաքական նպատակներով, կամ որպես վախ սերմանելու գործիք օգտագործելը ձևավորելու է պայթյունավտանգ, անկառավարելի իրավիճակ։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ