10 09 2020

Համաճարակի դեմ պայքարը տապալող կառավարությունը նախընտրել է սպասել. Արմեն Աշոտյան

Համաճարակի դեմ պայքարը տապալող կառավարությունը նախընտրել է սպասել. Արմեն Աշոտյան

Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Համաճարակի դեմ պայքարը մեր հայրենակիցների կյանքի, առողջության եւ բարեկեցության հաշվին տապալող կառավարությունը աշխարհում արտադրության համար նախատեսվող մի քանի տասնյակ հետազոտություններից նախընտրել է սպասել՝ հաշվի առնելով մեր հայրենակից, բարերար Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունից մի գեղեցիկ օր արտադրվելիք պատվաստանյութը գնելու հեռանկարը։

Ռուսաստանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ոչ միայն մշակված է, այլեւ մասսայական վակցինացիայի համար սկսվել է արտադրվել։

Թեպետ վարակի տարածման տեմպերը հարաբերականորեն թուլացել են, սակայն մի կողմից երկրորդ ալիքի սպասելիքները, մյուս կողմից՝ անգամ այս պահին օրական 3-5 մահերը ստիպում են լրջորեն մտորել։

Տուրք չտալով պատվաստանյութի շուրջ համաշխարհային ֆինանսական շահերին եւ քաղաքական շահարկումներին՝ մի հարց ունեմ։

Ողջ հարգանքով մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հանդեպ, ով հայրենիքում իրականացված մի շարք կարեւոր նախաձեռնությունների համահեղինակ է եւ մասնակից։ Ի՞նչ կարծիքի եք։ Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը արդեն արտադրում այն ու առաջարկում նաեւ այլ երկրներին»,- գրել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունից ավելի վաղ հայտնել են, որ իրենց ստեղծած փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ անվտանգ է և իմունային արձագանք է առաջացնում բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների մոտ, այդ թվում` տարեցների:

Գիտափորձին մասնակցել են 18-71 տարեկան կամավորներ: Նրանք բոլորը 100 մգ չափաբաժնով երկու ներարկում են ստացել 28 օրվա տարբերությամբ: Նշվում է, որ գիտափորձի բոլոր մասնակիցների մոտ չեզոքացնող հակամարմիններ են առաջացել, որոնք ապաակտիվացնում են վիրուսը:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ