Ղարաբաղ տելեկոմի հետ մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002 թվականին 30 տարի ժամկետով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ պետնախարարի պաշտոնում պաշտոնավարման վերջին օրերին 3 նամակ եմ գրել «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանին, «ՄՏՍ Հայաստան»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և «ՎԵՈՆ Արմենիայի» տնօրեն Պյատախինին: Հրավիրել եմ Արցախում կապի ոլորտում ծառայություններ մատուցելու ուղղությամբ: Երկուսից բացասական պատասխան ենք ստացել, իսկ Յուքոմը նույնիսկ չի էլ պատասխանել: Նոր օպերատորը, որը հայկական չլինի, որևէ օգուտ Արցախին չի տալու, հակառակը, ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ:
Իմ հրաժարականից օրեր առաջ եղել եմ Լիբանանում, հանդիպել եմ «Ղ տելեկոմի» միակ սեփականատեր Պիեռ Պատուշի հետ: Համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ և մատչել սակագներ: Ես հայտարարել եմ, որ ունենալու ենք Հայաստանի կապին համարժեք կապ: Վաղվանից 7 օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում 4G համակարգ նախատեսվում է արդեն հաջորդ տարի:
Արցախում լինելու է Հայաստանի որակի և Հայաստանի գնին համապատասխան կապ: Գների նվազումը լինելու է սահուն, առաջին նվազեցումը հունվարի 1-ից, երկրորդը ամռանը, իսկ 2022-ին արդեն գինը կլինի Հայաստանի գներին համարժեք: Մեր նպատակն է գործող օպերատորի հետ գալ համաձայնության»,-ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը