28 08 2020

Լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները՝ ՀՅԴ ՀԳՄ օրակարգում

Լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները՝ ՀՅԴ ՀԳՄ օրակարգում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀԳՄ-ի գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:

 

Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը: Ըստ ՀԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձանագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:

Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշել են իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր: Դրանցից առավել հրատապների շարքում առանձնանալի են՝

 

• հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացմանը,

• ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերմանը (միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական, իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է լեզվական և նյութական դժվարությունների հետ),

• հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացնելուն,

• Լիբանանում և Սիրիայում ունեցվածքների փոշիացմամբ պայմանավորված դժվարություններին,

• ՀՀ-ում ծառացած սոցիալական դժվարություններին և պետության կողմից հարկային արտոնությունների բացակայությանը,

• Արցախում վերաբնակվելուն և այլնին առնչվող հարցերը:

Հայրենադարձները փաստել են, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ