«Եկել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակը»: Այս մասին վերջերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունում խորհրդակցության ժամանակ Փաշինյանը, մասնավորապես ասաց.
«Թափանցիկությունը պետք է դառնա ազգային մտածելակերպ, իսկ համընդհանուր հայտարարագրումը կմեծացնի Հայաստանի պոտենցիալը, կփոխի պետություն-քաղաքացի հարաբերությունները: Այս համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունը մենք արձանագրեցինք մեր հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համատեքստում, երբ բախվեցինք այն իրավիճակին, որ երբեմն հնարավոր չի լինում որոշել, ի վերջո՝ ով է սոցիալապես անապահով, և ով է սոցիալապես ապահով։ Եթե ունենայինք եկամուտների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմ, ըստ էության, շատ չէինք տանջվի այս թեմայի վրա»։
Թափանցիկությունը իհարկե, շատ կարևոր է, բայց լավ կիներ, եթե այն սկսվեր և տարածվեր նախ իշխանության և պաշտոնյաների կողմից: Քանի հայտարարագրումը համընդհանուր չի դարձել, իսկ այդ մասին մոտավոր ժամկետ նշվում է 2022 թվականը, այժմ միայն պաշտոնյաններն ու նրանց ընտանիքի անդամներն են պարտավոր ներկայացնել հաշվետվություն իրենց եկամուտների, ծախսերի մասին:
Իսկ այն պաշտոնատար անձինք, ովքեր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն 2020 թվականի հունվարի 1-ից օրենքի ուժով համարվում են հայտարարատու մինչև 2020 թվականի մարտի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պետք է ներկայացնեին 2019 թվականի տարեկան հայտարարագիր։
Այդ ժամկետը վաղուց արդեն ավարտվել է, բայց օրինակ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի հայտարարագիրը այդպես էլ ներկայացված չէ, ներկայացված չեն նաև նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը: cpcarmenia.am հարթակում որևէ ինֆորմացիա չկա, թե ինչ եկամուտներ է տնօրինում Վարդենիսի քաղաքապետը:
Նշենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի փետրվարից, իսկ 2018 թվականի դեկտեմբերից էլ համարվում էր ժամանակավոր պաշտոնակատար:
Մամուլում, հատկապես նրա նշանակման ժամանակ շատ էին լուրերը, որ Արամ Մելքոնյանն այդ պաշտոնում հայտնվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի միջնորդությամբ: Ի դեպ, ասում են, որ նա մինչև հիմա էլ Պապիկյանի հովանավորյալ է:
Բացի այդ, Մելքոնյանը նաև Մոսկվայում երկար տարիներ զբաղբվել է բիզնեսով, շինարարական ընկերության ղեկավար է եղել:
Վերջերս նաև հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում, հույս ունենք, իհարկե, որ կասկածելի հայտարարագրերից զատ հանձնաժողովը կպարզի նաև, թե ինչ պատճառով չի ներկայացվել հայտարարագիր և արդյոք այս կամ այն պաշտոնյայի հովանավորյալ լինելը նման արտոնություններ տալիս է:
Նշենք նաև, որ ըստ օրենքի Հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հայտարարագիրը չներկայացնելու հետևանքով չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը